Գիտական խորհրդի օգոստոսյան նիստը նախագահող՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը սկսեց նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ շնորհավորանքի խոսքով՝ նշելով, որ առկա մարտահրավերների պայմաններում համալսարանի ղեկավարության գործադրած ջանքերն ու ձեռնարկած գործողությունները բխում են ուսանողների եւ դասախոսների առաջնային շահերից։ՀԱԱՀ դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրակարգային հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Նա նշեց, որ փոփոխությունները միտված են աշխատանքի կազմակերպման բարելավմանը, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։Պարոն Զաքոյանը շեշտադրեց, որ դասախոսների ծանրաբեռնվածության եւ առհասարակ փոփոխությունների թիրախը կրթության որակի շարունակական բարձրացումն է։ Նա գիտխորհրդի անդամներին խրախուսեց առաջարկություններ անել՝ հիշելով, որ դրանց վերջնանպատակը հենց որակի բարձրացումն է։ Ակտիվ քննարկումներից հետո ընդունված որոշումները ներառում են փոփոխություններ լոբորատոր պարապմունքներին մասնակցող ուսանողների թվում, ամբիոնների վարիչներին ավելի ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվելու համար լրացուցիչ խրախուսման հնարավորությունը եւ այլն։Օրակարգի երկրորդ հարցով, քննարկումներից հետո գիտխորհուրը որոշում կայացրեց ուսանողների գիտելիքների ստուգման եւ գնահատման կանոնակարգում, մասնավորապես՝ փոփոխություններ կատարվեցին գնահատման համակարգում հաճախումների տոկոսային հարաբերակցությունում, ինչպես նաեւ ինքնուրույն աշխատանքների գնահատման համակարգում, որ միտում ունի բարձրացնելու դրանց դերը։ Ի դեպ, պարոն Զաքոյանը ողջունեց գիտխորհրդի ուսանող անդամի՝ ինքնուրույն աշխատանքների գնահատման օբյեկտիվության բարձրացմանը միտված մտահոգությունը։Օրակարգի երրորդ հարցը, որի զեկուցողը դարձյալ պարոն Աղասարյանն էր, վերաբերում էր 2024-2025 ուստարվա ուսման վարձավճարների հաստատմանը, որոնց չափերը չեն փոխվել՝ բացառությամբ Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի վարձավճարներից։ Պարոն Զաքոյանն այս առիթով նշեց, որ չնայած վարձավճարի ավելացմանը՝ մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրս այս տարի 30-ով ավելի ուսանող է ընդունվել։ Հետաքրքրության ավելացման գրավականն այն ոգեւորությունն է, որ տարածաշրջանի երիտասարդության շրջանում առաջացրել է Սյունիքի մարզում եզակի խելացի գյուղատնտեսության նորարարական կենտրոնի առկայությունը։ Մասնաճյուղում նաեւ բակալավրիատի ուսանողների թիվն է ավելացել։Գիտական խորհուրդն այուհետեւ հաստատեց Մեթոդական խորհրդի դրական կարծիքով ներկայացված հարցեր, այդ թվում՝ ուսումնական պլանների ստուգումներին,
ուսումնական ձեռնարկի հրապարակմանը, Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ կրկնակի դիպլոմ շնորհող Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի ժամանակացույցում կատարված փոփոխությանը, մշակված նոր՝ կենսատեղեկատվական կրթական ծրագրի ուսումնական պլանի հաստատմանն առնչվող հարցերը։Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր, որոնց շարքում ՀԱԱՀ էթիկայի հանձնաժողովի՝ վերջերս բացահայտած գրագողության դեպքի առնչությամբ գիտխորհուրդը սկզբունքային գնահատական տվեց երեւույթին եւ հաստատեց նման դեպքերը հետագայում բացառելու վճռականությունը։
- 30/08/2024
- 2024