Էրազմուս+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում /GeoTAK» «ԵՏ տեխնոլոգիաները բնական ռեսուրսներում» թեմայով վերապատրաստում անցնելու եւ համակարգող աշխատաժողովին մասնակցելու համար Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, ծրագրի համակարգող/կատարող-հետազոտող Գուրգեն Եղիազարյանը 2023 թ․ հունիսի 4 – 10-ը, իսկ դոցենտ, ծրագրի կատարող-հետազոտող Նաիրա Ալոյանը եւ մասնագետ, ծրագրի վարչական աշխատակից Արմինե Համբարձումյանը մայիսի 29-ից հունիսի 10-ը Բիշքեկում էին։
Այս այցելությունը համընկավ նույն օրերին ընթացող միջազգային մեկ այլ գիտաժողովի հետ՝ «Փոփոխվող աշխարհի ըմբռնման աշխարհատարածական մոտեցումները» թեմայով – GISCA’23: Մեր գործընկերները գործուն կերպով մասնակցել են նաեւ այս հարթակի աշխատանքներին: Հարթակ, որը համախմբել էր ավելի քան 100 ներկայացուցչի Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Կորեայից, Ռուսաստանից, Սլովենիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ամրապնդել Կենտրոնական Ասիայի ԵՏՀ մասնագետների ցանցը եւ աջակցել տարածաշրջանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, իսկ հիմնական նպատակներն են միավորել Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՏՀ ոլորտի գիտնականներին, մանկավարժներին, փորձուսուցման մասնակիցներին եւ խրախուսել ԵՏՀ կրթության ոլորտում միջազգային համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը:
«Շրջակա միջավայրի մշտադիտարկում եւ ռիսկերի կառավարում» դասընթացի հիմնական թեման շատ հետաքրքիր էր բոլոր մասնակիցների համար, քանի որ անցկացվել են տեսական եւ գործնական պարապմունքներ, դաշտային աշխատանքներ են իրականացվել աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների, գեոդեզիայի ժամանակակից մեթոդների, երկրատարածական վերլուծության, հեռահար զոնդավորման տվյալների եւ անօդաչուների (ԱԹՍ) օգտագործմամբ:
Դաշտային աշխատանքների երկրորդ մասն իրականացվել է «Իսիկ-Կուլ լիճ» կենսոլորտային տարածքում՝ բարձր լեռնային արոտավայրերի եւ անտառների ուսումնասիրությամբ։ Իսիկ-Կուլ -ում իրականացվեց նաեւ հետբուհական առարկայական ծրագրերի քննարկում: Բոլոր գործընկերները ներկայացրեցին դասավանդվող առարկաների ուղղությամբ կատարած աշխատանքները։ Նշենք, որ այս տարվանից ծրագրի շրջանակում ունենք նոր ասպիրանտական տեղ՝ Ե23․06 ծածկագրով (Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն եւ կադաստր)։
Մեր ղրղզ գործընկերները հոգացել էին, որ հագեցած լինի նաեւ մշակութային ծրագիրը: Իրականացվեց շատ ինքնատիպ, անապական բնաշխարհի ճանաչողական արշավներ, որոնք ուղեկցվել են Արեւելքին բնորոշ հյուրասիրությամբ:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ