Սեւծովյան ավազանի չորս երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային միավորած «Գինու ծով» ծրագիրն ավարտվեց: 2020-ին մեկնարկած ծրագրի նպատակն էր՝ բացահայտել չորս երկրի գինու զբոսաշրջության ներուժը, դրա հիման վրա մշակել գինու թեմատիկ երթուղիներ ու ներկայացնել աշխարհին:
Հայաստանը ծրագրի համակարգող երկիրն էր ի դեմս Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE): Տնօրեն Արթուր Գրիգորյանի խոսքով, ծրագրի իրականացման համար նախադրյալ է հանդիսացել այն միտքը, որ աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա Սեւծովյան տարածաշրջանը, այդ թվում եւ Հայաստանը, նշվի որպես գինու զբոսաշրջության պատմական տարածաշրջան:
Ծրագրի մեկնարկային փուլում ուսումնասիրվել են գինու զբոսաշրջության միտումներն աշխարհում։ Բացահայտվել է, որ զբոսաշրջության այս ուղղությունը նախընտրած այցելուները չեն ցանկանում սահմանափակվել գինու համտեսով: Նրանք ուզում են միաժամանակ մասնակցել ազգային ուտեստների պատրաստմանը, այցելել պատմամշակութային վայրեր, մասնակցել տարաբնույթ փառատոնների, պատրաստել հուշանվերներ ու որպես հուշ տանել այդ երկրից:
Համաշխարհային փորձը հիմք ընդունելով, նախ ուսումնասիրվել են Հայաստանում նման ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը, հավաքագրվել մեծից փոքր բոլոր գինեգործարանների, գինու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների տվյալները: Այդ տեղեկատվության հիման վրա Հայաստանի համար կազմվել է գինու վեց երթուղի՝ «Գինին եւ Երեւանը», «Գինին եւ բնությունը», «Գինին եւ ազգային խոհանոցը», «Գինին եւ մշակույթը», «Գինին եւ արկածային զբոսաշրջությունը», «Գինին եւ վարպետությունը»:
«Գինու ծով» ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի խոսքով, նշված վեց երթուղիները գծագրային քարտեզագրումից վեր են, թեմատիկ են, մշակված են ըստ նախասիրությունների ու հետաքրքրությունների: Ներառում են բոլոր մարզերը, ներկայացնում են մեր գյուղական կյանքն ու հարուստ մշակույթը:
Վերոնշյալ երթուղիները մշակվել են նաեւ գործընկեր երկրների համար, իսկ չորս երկրի դեպքում կազմվել է մեկ միասնական գինու երթուղի ու ներկայացվել seaofwine.travel հարթակում: Գինեգործներին, գինեսերներին ու գինու զբոսաշրջիկներին միավորող այս հարթակը պարզ ու մատչելի տեղեկատվություն կտա, թե ուր գնալ եւ ինչ անել ըստ նախասիրությունների:
Սա դեռ ամենը չէ. այս երկու տարվա ընթացում բազմաթիվ դասընթացներ, «Եկեք խոսենք գինու» մասին հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել գինեգործների, գինեսերների, բլոգերների ու տուրօպերատորների հետ:
Ծրագրի փակման միջոցառմանը մասնակցել են Հայաստան այցելած գործընկերներ, գինեգործության եւ զբոսաշրջության ոլորտի պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, երկրի տարբեր մարզերի ավելի քան 50 գինեգործներ, ուսանողներ եւ այլ շահակիցներ։ Չնայած ծրագրի ավարտին, ICARE հիմնադրամը կապահովի կայքի անխափան աշխատանքն ու պարբերաբար կթարմացնի այն:
Հիշեցնենք, որ Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացրել են ICARE հիմնադրամը, Սալոնիկի Արիստոտելի համալսարանը, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը եւ Օդեսայի պարենային տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի հետ համատեղ: