Գաստրոբակ՝ Ագրարայինում. շատ համեղ բաց դաս

Գինու տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները մեկ այլ՝ ընդգծված սեր ունեն իրենց ընտրած ոլորտի նկատմամբ: Ու այդ սերն էլ պատճառ է դառնում, որ դասախոսները միշտ նոր, հետաքրքիր մեթոդներ գտնեն նրանց հետ աշխատելիս: Անցյալ շաբաթ գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը դասախոսի հետ միասին վերածել էին մի ամբողջ, հետաքրքիր-հիշվող ներկայացման: Այսօր էլ «գաստրոբակ» էին կազմակերպել գինու զբոսաշրջություն կամընտրային առարկայից:

Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը սեփական ձեռքերով պատրաստած ավանդական, համադամ ուտեստներ էր բերել, որոնք բաց դասի մասնակիցները վայելեցին կարմիր եւ սպիտակ գինիներով: Համեղ դաս էր, մտապահվող, որին մասնակցում էին հիշյալ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սիմոնյանը, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լիանա Խաչատրյանը:

Պարոն Ոսկանյանը շեշտեց, որ սա միջամբիոնային համագործակցության հրաշալի օրինակ է, որն անպատճառ շարունակություն է ենթադրում՝ միացյալ ուժերով համադրվող թեմաների իրականացման:

Ինչ հրաշալի է, երբ իրար են հանդիպում ընտրած գործին նվիրված ուսուցիչներն ու աշակերտները: Եւ կրթությունը դառնում է համատեղ արարված արվեստ՝ գինու համ ու բույրով պարուրված: