FAST հիմնադրամը եւ Ագրարային համալսարանը նորարարական հետազոտական նախագծի մեկնարկն են տալիս 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 18-ին ստորագրել են դրամաշնորհի հատկացման պայմանագիր։ Կողմերը համագործակցությունը հաստատում են հիմնադրամի գիտության զարգացմանը միտված ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների եւ հայաստանյան հետազոտողների միջեւ կապերի հաստատմանը՝ հնարավորություն տալով նրանց ձեւավորելու նոր խմբեր եւ աշխատելու միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա:

Ծրագրի ներքո կիրականացվի «Հաշվողական գյուղատնտեսությունը՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» նորարարական հետազոտական նախագիծը։ Այն մեկնարկում է ընթացիկ տարվա մարտին եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թ․ փետրվարին։ Նախագծի գիտական ղեկավարներն են Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի եւ տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը եւ ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հետազոտական ծրագրում ներկայում ներգրավված է 4 հետազոտող:

Գործնական-փորձարարական մասն իրականացնելու համար շահառուներն օգտվելու են Ագրարային համալսարանի համապատասխան լաբորատորիաներից եւ որպես աշխատանքային տարածք հատկացվելիք այլ ենթակառույցներից։

Արմեն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծեց բուհերի հետ աշխատանքի կարեւորությունը FAST-ի գործունեության համատեքստում: ADVANCE  դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում ոչ միայն նոր հնարավորություններ ստեղծել տեղացի գիտնականների համար, այլեւ նպաստել Հայաստանի եւ արտասահմանի համալսարանների միջեւ կապերի հաստատմանն ու բուհերի ներուժի հզորացմանը: Բացի այդ՝ մենք ակնկալում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաշվողական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այս հետազոտությունը ճանապարհ կհարթի Հայաստանի գյուղատնտեսության խելացի կառավարման համակարգի զարգացման համար»,- ասաց պարոն Օրուջյանը եւ հավելեց, որ հիմնադրամը առաջնահերթ կարեւորություն է տալիս գյուղատնտեսությանն առհասարակ եւ այս ոլորտում արհեստական բանականության օգտագործման հեռանկարներին՝ մասնավորապես։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին՝ համագործակցության այս աննախադեպ հնարավորության համար եւ նշեց, որ սա հիմնադրամի եւ Ագրարային համալսարանի միջեւ արդեն չորրորդ գործակցային ծրագիրն է։ Նա շեշտեց, որ նախագիծն իրականացվում է ADVANCE ծրագրի շրջանակում, որն արդեն մի շարք հաջողություններ է գրանցել։ Տեղեկացրեց, որ պայմանագրի ստորագրմանը նախորդել է տարիների համատեղ աշխատանք եւ հավաքագրվել ձեռնհաս անձնակազմ։ Հաջողություն մաղթելով 4-ամյա նախագծին, ռեկտոր Ուռուտյանը ներկաներին հաղորդակից դարձրեց կատարվելիք աշխատանքների որոշ մանրամասների։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծման նպատակով: Հիմնադրամի տեսլականն է՝ մինչեւ 2041 թվականը Հայաստանը դարձնել առաջատար նորարարական երկիր։ Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարեւոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն եւ գիտական արդյունքի առեւտրայնացում, խորքային փոփոխություն բերելուն: ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է եւս երկու նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների եւ մեքենայական ուսուցման  ոլորտներում՝ Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Ագրարային համալսարանը FAST հիմնադրամի հետ գործակցության դրական փորձ ունի։ 2021 թ․ հիմնադրամը մշակել եւ իրականացրել է «Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» 6-ամսյա մոդուլը՝ Ագրարային համալսարանի մագիստրանտների եւ հետազոտող գիտնականների համար՝ Բրիտանական խորհրդից ֆինանսավորվող Creative Spark ծրագրի շրջանակում։ FAST-ի աջակցությամբ մեկնարկել եւ հաջողությամբ իրականացվում են նաեւ ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ կենսատեխնոլոգիաների ինկուբատորի գործունեությունը։