Եւս յոթը համալրեցին սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների շարքերը

Այսօր հավաստագրեր ստացան «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» դասընթացի հերթական մասնակիցները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժներից հավաստագիր է ստացել 105-ը, ներառյալ այսօրվա 7 մասնակիցները, որոնք Գեղարքունիքի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերից են:

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը ողջունեց եւ շնորհավորեց դասընթացի մասնակիցներին եւ հույս հայտնեց, որ դասընթացը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների խորացմանը, իսկ գործնական դասերը հնարավորություն  են տվել ծանոթանալ ոլորտի նորարարություններին: Նա նաեւ ուրախությամբ նշեց, որ մասնակիցներից շատերը գործող անասնաբույժներ են:

Դեկան Աբովյանը, ինչպես նաեւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն առաջարկեցին կապը չխզել հասմալսարանի հետ եւ պատրաստակամություն հայտնեցին հետաքրքրող որեւէ հարցի շուրջ խորհրդատվություն եւ նյութեր տրամադրել:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին վերապատրաստման որակյալ դասընթաց կազմակերպելու, ընթացիկ հարցերին արագ արձագանքելու եւ խիստ անհրաժեշտ գործնական հմտություններ տրամադրելու համար: