Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը ավարտական հավաստագրեր հանձնեցին «ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ Վերջինների համար անվճար դասընթացն իրականություն դարձավ ՀԱԱՀ-ի եւ Գեովայբ ՓԲԸ-ի համատեղ ջանքերով, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։
Շահառուների խումբը կազմված էր ՀԱԱՀ-ի, այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչներից, ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետներից, կրտսեր մասնագետներից եւ ուսանողներից։
Ավելի քան մեկ ամիս, շաբաթական 4 օր՝ 3-ական ժամ տեւողությամբ պարապմունքների միջոցով շնորհիվ ասնակիցները ձեռք են բերել երկրատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման վերաբերյալ գիտելիքներ, տարածական տեղեկույթի տնօրինման, վերլուծության եւ ներկայացման ծրագրակազմային գործիքների ու եղանակների օգտագործման հմտություններ, կանաչ գյուղատնտեսության ոլորտում այդ ամենի տարբեր կիրառումների հետ աշխատելու փորձ։
Շնորհավորելով ծրագիրն ավարտած մասնակիցներին, ռեկտոր Ուռուտյանը ծրագրի իրականացման գործում կարեւոր համարեց մասնավոր հատվածի, այս դեպքում Գեովայբ ընկերության հետ գործակցությունը։ Խոսեց ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման բնագավառի գիտելիքների ու փորձի ընձեռած լայն հնարավորությունների մասին ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում։ Գյուղոլորտում դրանք թույլ են տալիս խելացի լուծումների շնորհիվ հասնել արտադրողականության ու եկամտաբերության բարձրացման։
«Գյուղատնտեսությունն այլեւս բարձրտեխնոլոգիական է։ Այսօր ոլորտը հնարավոր չէ պատկերացնել առանց համակարգիչների, առանց տվյալագիտության։ Ապագան լինելու է ագրոտեխնոլոգիական եւ կենսատեխնոլոգիական․ պատահական չէ, որ մենք Ագրարային համալսարանը տանում ենք այս ճանապարհով, մեր բոլոր ներդրումներն ունեն թվային բաղադրիչ», – ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Նա շնորհակալություն հայտնեց հմուտ դասընթացավարներին եւ մասնակիցներին, ներառյալ՝ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դոցենտներին, որոնք մշտապես սովորելու իրենց վարքագծով լավագույն օրինակ են ծառայում երիտասարդների համար։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ՀԱԱՀ-ին եւ Գեովայբ ՓԲԸ-ին՝ վերապատրաստման ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Պարոն Բոկերսը ավարտական հավաստագրերը համեմատեց վարորդական իրավունքի հետ, որը հնարավորություն է տալիս մասնագետին աշխատել ոլորտում, սակայն աշխատանքի մեջ հմտանալու եւ մշտապես սովորելու անհրաժեշտություն կա։
Մասնակիցներին ջերմորեն ողջունեց եւ շնորհավորեց նաեւ դասընթացավար Սերգեյ Կարապետյանը։