Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարիա Կրտիկաշյանը եւ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կարեն Մարգարյանը ԵՄ Կանաչ գյուղատնտեսությունը նախաձեռնությունը Հայաստանում նախագծի կազմակերպած «Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը» խորագրով հանդիպման շրջանակում ներկայացրին գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում հաջողության հասած 14 կին գործարարների անցած ուղին։
Հանդիպմանը մասնակցում էին կառավարության, ՀԿ-ների, միջազգային կառույցների, ՀԱԱՀ-ի ներկայացուցիչներ, EU-GAI-ի կին շահառուներ եւ կանաչ գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած կին ձեռնարկատերեր։ Միջոցառման նպատակն էր նպաստել կանանց մասնակցության ընդլայնմանը կանաչ տեխնոլոգիաների եւ գիտահենք, մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը, արժեւորել գյուղի կանանց դերը եւ ներդրումը ոլորտում։
Ողջունելով եւ բարձր գնահատելով նախագծի համագործակցությունը մարզաբնակ կին գործարարների հետ, EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը նշեց Հայաստանի գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում կանանց ներդրումը, ինչպես նաեւ նրանց մեծ ներուժը ոլորտի հետագա զարգացման եւ, մասնավորապես՝ միջազգային շուկայում հայաստանյան գյուղմթերքի մրցունակության բարձրացման գործում։
Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, դիմելով գյուղոլորտի զարգացման գործում առաջնորդություն ստանձնած կանանց, ասաց․ «Ձեր հաջողությունները վկայում են ձեր նվիրվածության, ձեր անցած դժվարին ու պատվաբեր ուղու մասին։ Սակայն այդ հաջողությունները վկայում են նաեւ Հայաստանի համար կարեւորագույն ոլորտում ձեր ունեցած ազդեցության մասին»։
Ներկաներին եւ հատկապես գյուղոլորտի կին գործարարներին ջերմորեն ողջունեց նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը։
«Գենդերային հավասարությունը կայուն գյուղատնտեսությունում․ քաղաքականության համառոտագիր» թեմայով հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ գենդերային հարցերով փորձագետ Ջինա Սարգիզովան, որը կատարված ուսումնասիրության արդյանքների հիման վրա բացահայտեց գյուղատնտեսության ոլորտում կանանց ունեցած հսկայական ներուժը եւ այն օգտագործելու անհրաժեշտությունն ու համապատասխան քաղաքականության մշակման կարեւոր հենանիշերը։
Կանաչ գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած ձեռներեց կանայք ներկաներին հաղորդակից դարձրեցին հաջողության հասնելու իրենց ճանապարհը, որ դժվարությունների հաղթահարման, նախանշած նպատակին հասնելու կամքի ու աշխատասիրության ճանապարհ է։ EU-GAIA նախագծի աջակցության թիրախում հայտնված առաջադեմ կին ֆերմեր-գործարարների հիմնած ագրոբիզնեսները տարբեր մարզերում են, տարբեր բիզնես ուղղվածություններ ունեն, բայց բոլորին միավորում է մեկ ընդհանուր՝ «կանաչ» գյուղատնտության գաղափարը։ Գեղեցիկ, խելացի, նպատակասլաց, հիացմունք ու պատկառանք առաջացնող այս կանայք, ըստ էության, իրենց «փխրուն» ուսերին տանում են կանաչ գյուղատնտեսության հայաստանյան առաջամարտիկների պատվաբեր բեռը։ Եվ այս գործում անգնահատելի է ՀԱԱՀ գործընկեր EU-GAIA-ի նպատակային ֆինանսատեխնիկական աջակցությունը։
ԵՄ-ից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագիծն աջակցում է հարակայուն, ներառական, նորարարական եւ շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես՝ ՀՀ հյուսիսային մարզերում Շիրակում, Լոռիում եւ Տավուշում։