Երկրում հնչեց վերջին զանգը․ վարժարանի շրջանավարտները կարոտելու, վերհիշելու են

Միշտ, ամեն տարի, պարտադիր, անձանրույթ հնչելու է… Այդ զանգը մեր մանկության-պատանեկության չխամրող վկան է, անհոգ, լավագույնին սրտատրոփ սպասող մարդու կյանքի ամենակարեւոր ու անջնջելի սահմանագիծը:

Մեր վարժարանն այսօր ճանապարհում է իր 78 շրջանավարտին մեծ նավարկության, գուցե թռիչքի՝ ուրեմն բարձր: Եւ հավատում ենք: Հավատում ենք մեր երիտասարդների կամքին, աշխատասիրությանը, նվիրումին, երազանքը քայլ առ քայլ իրականություն դարձնելու վճռականությանը: Վարժարանցիները միշտ այդպիսին են եղել առանց բացառության՝ շուրջ 30 տարի:

Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը շնորհավորեցին երիտասարդներին, մանկավարժներին, ծնողներին, որոնք համատեղ ջանքերով հասան այս կարեւոր հանգրվանին: Մաղթեցին խաղաղություն, նպատակների իրականացում:

«Սովորելու ցանկություն ունեցողը պետք է վստահ լինի ու անկաշկանդ՝ Ագրարայինում, մի միջավայր, որի արժեհամակարգը առաջնորդվում- տեղավորվում է ազնվություն – պատասխանատվություն – հայրենասիրություն եռամիասնական շղթայում: Ագրարայինը միշտ պատրաստ է ձեզ սատարելու, դուք մշտապես մերն եք մնալու»,-ամփոփեց պարոն Զաքոյանը:

Մինչ այդ տիկին Հակոբյանը եւ վարժարանի փոխտնօրեն Ալինա Խաչատրյանն իրենց դասասենյակներում ջերմորեն շնորհավորել էին չորս 12-րդ դասարաններին։ Վարժարանի տնօրենը մասնավորապես վարժարանի եւ համալսարանի պատիվը բարձր պահելու, երկրում դրական փոփոխություններ կատարելու կոչով դիմեց շրջանավարտներին։

«Հայրենիքը մարդն է՝ կայացած, իր երազանքներով ու ստեղծելու իր կարողականությամբ հզոր, միեւնույն ժամանակ բերքով ծանրաբեռնված ճյուղի նման խոնարհ անհատը», – հենց այսպիսին է ցանկանում տեսնել իր սաներին տիկին Հակոբյանը։

Վերջ: Հնչեց վերջինն ու այսօրվա շրջանավարտները միացան մեր՝ նախորդ բոլոր սերունդների փաղանգին: Այստուհետ ամեն տարի նույն հուզմունքով, թախիծով վերապրելու են վերջին զանգը, որ կհնչի արդեն այլոց համար…