Երիտասարդների լավագույն ստարտափ գաղափարները միտված են ագրարային ոլորտի զարգացմանը

Ագրարային համալսարանում օրերս ավարտվեց «ANAU-led IoT in AgriTech mentorship project»  նախագծի երկրորդ փուլը:  Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, «Փինսայթս» ՍՊԸ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի համատեղ գործունեության շնորհիվ: Ծրագրի շահառուները Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 8 ուսանողներ են: Երկուական անդամներով միավորվելով 4 թիմում՝ աշխատել են ֆերմերների կյանքն ու գործը  «թեթեւացնող» ստարտափ գաղափարների նախագծման վրա:

Ծրագրի եզրափակիչ փուլում թիմերն իրենց նախագծերը ներկայացրին ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի հանձնաժողովի ուշադրությանը: Երիտասարդների գաղափարները մեկը մյուսից հետաքրքիր էին ու տպավորիչ՝ միտված թվային անվտանգության, IoT (իրերի համացանց) տեխնոլոգիական լուծումների միջոցով ագրարային ոլորտի արդիականացմանը:

Նախագծերի ներկայացմանը նախորդել է վեց ամսվա աշխատանք, տարբեր կրթօջախներից ընտրված ուսանողներն Ագրարային համալսարանի մասնագետ-մենթորների (Արման Սիմոնյան, Սերյոժա Կարապետյան, Արման Բարսեղյան) առաջնորդությամբ ուսումնասիրել են ընտրված թեմաները, մասնակցել տեսական, գործնական դասընթացների, փորձեր իրականացրել ՀԱԱՀ Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի ջերմատներում, սարքավորումներ պատրաստել Ագրարային համալսարանի Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման  լաբորատորիայում եւ ուսումնասիրություններ իրականացրել ՀԱԱՀ ճշրիտ գյուղատնտեսության կենտրոնի անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայում, որոնք, ինչպես ՀԱԱՀ-ից նախագծի համակարգող, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն է ասում՝ նախագծի շահառուների համար հասանելի են եղել շաբաթը 7 օր,  օրական 24 ժամ:

Հարդյունս թիմերի քրտնաջան աշխատանքի՝ նախագծվել է սառնարանային թափքի ջերմային ռեժիմների հեռահար մշտադիտարկման համակարգ, աշխարհատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման մեթոդների կիրառմամբ մշակվել ցորենի արտերի նույնականացման եւ քարտեզագրման մոդել, ստեղծվել այգիների հեռահար ոռոգման համար նախատեսված հեռահար դիտարկան, ինչպես նաեւ ջերմոցների, ջերմատների օդի բաղադրիչների եւ հողի մշտադիտարկման համակարգեր: Ի դեպ, վերջին երկու գաղափարները ԵՊՀ-ում նոյեմբերի 21-ին  կայացած «Smart Botanic» ԱյօԹի հեքաթոնին արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի, ընդ որում՝ «Հեռահար դիտարկման համակարգ այգիների համար՝ նախատեսված այգիների հեռահար ոռոգման համար» նախագիծն զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով դրամական մրցանակ:

Օրերս Ագրարային համալսարանում տեղի ունեցավ «ANAU-led IoT in AgriTech mentorship project» նախագծի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Ողջունելով միջոցառումն Ագրարային համալսարանում անցկացնելու նախաձեռնությունը, պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ բարձր գնահատեց երիտասարդների ոչ միայն համարձակ, ստեղծարար գաղափարները, այլեւ դրանք ներկայացնելու հմտությունները, դրանց բովանդակած կրթական եւ նախագծային ուսուցման հնարավորությունները։

Այնուհետեւ ռեկտոր Ուռուտյանը, «Փինսայթս» ՍՊԸ-ի տնօրեն Ալֆրեդ Բաղուզյանը եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Գոհար Գրիգորյանը հավաստագրեր հանձնեցին ծրագրին հաջողությամբ մասնակցած 8 երիտասարդներին: Հանդիպման վերջում քննարկվեցին  համագործակցության հետագա ուղղությունները, առաջարկ եղավ նախագծի հետագա փուլերում թիմերի կազմում ընդգրկել նաեւ Ագրարային համալսարանի դասախոսների եւ ուսանողների, որոնք կդիտարկեն նախագծերի ագրարային կողմը, հանդես կգան համապատասխան առաջարկներով ու մասնագիտական խորհրդատվությամբ:

«Ագրարային համալսարանը պատրաստ է իր ողջ մարդկային, նյութատեխնիկական ներուժով օգտակար լինել ինչպես իր, այնպես էլ այլ համալսարանների ուսանողներին, մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կունենան ագրարային ոլորտի զարգացմանը միտված գաղափարներ, անելիքներ»,-ասաց պարոն Ուռուտյանը:

Ագրարային ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը շարունակաբար աճում է: Այս է վկայում է մասնավորապես այն հանգամաքը, որ այլ բուհերի ուսանողներ, չլինելով ագրարային ոլորտի մասնագետներ, մեծ պատասխանատվությամբ ու ջանադիր աշխատում են նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ագրարային ոլորտի արդիականացմանը միտված գաղափարներն իրականություն դարձնելու ուղղությամբ։