ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի Կենսաբանության եւ կոնսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը հունիսի 10-ին մասնակցել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած երիտասարդ գիտնականների «Երիտասարդ գիտնականների երկխոսություն․ գիտական զրույցներ» 2-րդ միջազգային համաժողովին` հեռավար եղանակով։ Իր զեկույցում նա ներկայացրել է Հայաստանի բնական ռեսուրսները, անդրադարձել դրանց հարակայուն կառավարման վիճակի վերլուծությանն ու հիմնախնդիրներին, ինչպես նաեւ խոսել դրանց դերի մասին երկրի զարգացման գործընթացում։
Համաժողովին, որին ըստ էության հետեւում էին ամբողջ աշխարհից, մասնակցում էին առաջատար երիտասարդ գիտնականներ ավելի քան 20 երկրներից (Ղազախստան, Հայաստան, Ալբանիա, Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Կորեա, Ռուսաստանի Դաշնություն, Լեհաստան, ԱՄՆ, Չինաստան, Բելառուս, Կոլումբիա, Աֆղանստան, Հունգարիա, Իտալիա, Ղրղզստան, Թուրքիա, Ուզբեկստան, Ուկրաինա եւ այլն)։
«Մեր համալսարանը շարունակում է աջակցել և խրախուսել իր երիտասարդ մասնագետներին՝ մասնավորապես հնարավորություն տալով մասնակցել բուհերի միջև կապերի ամրապնդման և հետագա համագործակցության խորացմանը միտված միջոցառումների»,- ասում է Ալլան։
Զեկույցից հետո Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Տլեկտես Յեսպոլովից Ալեքսանյանը առաջարկ է ստացել համավարակի ավարտից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց համալսարանում հանդես գալ վարպետաց դասերով և ղեկավարել մագիստրանտների։ Գործընկեր բուհի նման գնահատականն, անշուշտ, ոգևորիչ է երիտասարդ գիտնականի համար, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալլայի համար գիտության ու կրթության ոլորտում գործունեությունը սոսկ աշխատանք չէ, այլ նախասիրություն ու կենսաձեւ։