Էրազմուսյան անմոռանալի շաբաթ՝ հյուընկալվողների եւ հյուընկալողների համար

Մայիսի 16-20-ը յուրահատուկ միջազգային շաբաթ էր ՀԱԱՀ-ում։ Միաժամանակ հյուրընկալել էինք՝ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալմային, պրոֆեսորներ Սոֆիա Ռամոային եւ Լուզ Լուիսին, Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան Պուրդուին։

Հանդիպման առաջին օրը ՄԿԴ-ն կազմակերպել էր բաց հանդիպում։ Մարիա Պալման ներկայացրեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը, մանրամասնեց` ինչ են առաջարկում տեղացի եւ օտարազգիներին, նաեւ քաջալերեց ներկա ուսանողներին՝ լինել ակտիվ եւ դիմել Էրազմուս+-ով սովորելու համար։

Բաց հանդիպման ժամանակ պրոֆեսոր Սոֆիա Ռամոան ներկայացրեց Եվրոպական խոշորագույն նախագիծը՝ որպես կայուն ոռոգման ներդրումների օրինակ, որը կյանքի կոչվեց Պորտուգալիայում եւ իրենց ինստիտուտի պրոֆեսորների անմիջական մասնակցությամբ։ Սա բուհ-պետություն-շուկա համագործակցության փայլուն օրինակներից է։ Այնուհետ պրոֆեսոր Ռոբերտ Պուրդու Քրիստիանը ներկայացրեց Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանը՝ մասնագիտություններն ու հնարավորությունները։

Հյուրերն այցելեցին գիտական գրադարան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ամբիոններ, գինու, հացի ու շոկոլադի, գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիաներ, թեստային կենտրոն, ընթերցասրահ եւ այլն։ Հացի եւ շոկոլադի լաբորատորիայում նրանք ցուցադրեցին իրենց համեստ, սակայն զարգացման միտված կարողությունները՝ շոկոլադի պատրաստման տեսանկյունից։

Պրոֆեսոր Ռամոան եւ Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները քննարկեցին «Ի՞նչ սպասել մոտ ապագայում՝ կրթության փոփոխություններից», ինչպես նաեւ «Միջերկրական ծովի տարածաշրջանում, հիմնականում Պորտուգալիայում, հատուկ կայուն արտադրություն ստեղծելու» թեմաները։

Պրոֆեսոր Լուզ Լուիսը Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ քննարկեց գյուղական համայնքների մարտահրավերները։

Ռոբերտ Պուրդուն, որը Ռումինիայի լավագույն կենդանաբույժ-ախտորոշողներից է եւ ժամանել էր ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանի խնդրանքով, ներկայացրեց կենդանիների հիվանդությունների ախտորոշման ժամանակակից հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Այցն ամփոփելով, հյուրերը ՄԿԴ-ում քննարկեցին իրականացված եւ ներկա շարժունության ծրագրերը, վերհանեցին թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ հաստատեցին փոխայցելությունների ժամկետները։

ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Գեղարդ, Գառնի, Էջմիածին, Սարդարապատի հուշահամալիր եւ Ազգագրության թանգարան։

Սա այն այցն էր, որ վստահորեն կարող ենք ասել․ «մենք հիացանք իրենցով, իրենք՝ մեզնով»։