EngineerX-ի հետ գործակցությունը կմեկնարկի ՀԱԱՀ չորս մասնագետների վերապատրաստմամբ

«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» (հակիրճ՝ «Ագրոբոտ կենտրոն”) դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրերս Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանատում հանդիպում տեղի ունեցավ EngineerX բազմամասնագիտական ​​ինժեներական ընկերության վաճառքների մասնագետ Գայանե Մկրտչյանի եւ մեխանիկական ճարտարագետ Էրիկ Քասաբյանի հետ։ ՀԱԱՀ-ից մասնակցում էին ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Արթուր Ալթունյանը եւ «Ագրոբոտի կենտրոնի ստեղծում» ծրագրի ղեկավար տ․գ․դ․, պրոֆեսոր Արա Ամիրյանը։

Որպես քննարկման արդյունք, EngineerX-ի ներկայացուցիչները առաջարկեցին ՀԱԱՀ 4 մասնագետների համար կազմակերպել SolidWorks EDU ծրագրակազմի անվճար վերապատրաստման 5-6 հանդիպում, որը բավարար կլինի ՀԱԱՀ-ի հետ հետագա արդյունավետ համագործակցություն ծավալելու համար։ Բացի այդ, ընկերությունը պատրաստ է տրամադրել 30 ստացիոնար եւ 30 առցանց լիցենզիաների փաթեթ, կախված լիցենզիայի ժամկետի ընտրությունից` 15 % զեղչով 1 տարվա եւ 25 % զեղչով՝ 3 տարվա լիցենզիայի դեպքում:

Հյուրերը գոհունակությամբ տեղեկացան ՀԱԱՀ-ում ներդրված «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի մասին, եղան նաեւ Գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի կենտրոնում, որը կահավորման փուլում է։ Հենց այստեղ էլ տեղադրվեն ծրագրակազմերը եւ կանցկացվի SolidWorks EDU-ի ուսուցման դասըթացը։

EngineerX-ը բազմամասնագիտական ​​ճարտարագիտական ընկերություն է, որը տրամադրում է դիզայն, ճարտարագիտական, խորհրդատվական եւ նախագծերի կառավարման ծառայություններ ամբողջ աշխարհի ընկերություններին: Ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ տրամադրելով ուսուցում, հավաքագրելով տաղանդներ, մատուցելով բացառիկ ծառայություններ եւ ներդնելով SOLIDWORKS ու 3DEXPERIENCE գործիքներ, որոնց հավաստագրված գործընկերն է մեր երկրում։