Աստղիկ Խաչյանը, 2020 թ. ավարտելով Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցը, ուսումը շարունակելու հարցում կանգնած էր ավագ դպրոց կամ որեւէ քոլեջ ընտրության առջեւ:
«Սովորելու սեր այնքան էլ չունեի,-անկեղծանում է Աստղիկը,- ուստի մտածեցի՝ ավելի լավ կլինի միջին մասնագիտական կրթություն ստանալ ու սահմանափակվել դրանով: Մորաքույրս՝ Մերի Բաղդասարյանը, որն աշխատում է Ագրարային համալսարանում, ասաց, որ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում ներդրվելու է նոր՝ դուալ կրթական ծրագիր, որը հնարավորություն է տալու ուսանողներին միաժամանակ սովորել եւ աշխատել գործատուների մոտ: Դիմեցի եւ ընդունվեցի քոլեջի «Գինեգործություն, խաղողագործություն, էնոլոգիա» բաժինը»,- պատմում է Աստղիկը:
Գինեգործ-խաղողագործի մասնագիտության ընտրության հարցում կարեւոր դեր է կատարել նաեւ պապիկի գինեգործ լինելը. փոքրուց տեսել էր, թե ինչպես է պապը մշակում խաղողի այգին, ապա խաղողից գինի քամում: Հայրն էլ է ոգեւորել՝ ասելով, որ պապիկի գործը շարունակող կլինի:
Աստղիկի համար առաջին կուրսում ուսումնառությունն այնքան էլ հետաքրքիր չի անցել, նախ մասնագիտական առարկաներ դեռ չէին անցնում, հետո էլ կորոնավիրուսի պատճառով դասերն առցանց էին կազմակերպվում: Երկրորդ կուրսից սկսած ակնկալիքներն սկսեցին իրականություն դառնալ. խաղողագործություն, գինեգործություն եւ մի շարք այլ մասնագիտական առարկաների ուսումնասիրությունը Աստղիկի համար ընտրած մասնագիտությունն օրեցօր ավելի ու ավելի հետաքրքիր էր դարձնում: Դուալ կրթական ծրագրի շրջանակում դասերի մեծ մասը կազմակերպվում էր ոլորտի անվանի ընկերություններում: Երկու շաբաթը մեկ ուսանողներն այցելում են տարբեր ընկերություններ, ծանոթանում նրանց գործելաոճին, գինու արարման արվեստի գաղտնիքներին:
«Դուալ կրթության շնորհիվ դասերի ընդամենը 30 տոկոսն ենք անցկացնում համալսարանում, իսկ մնացած 70-ը՝ տարբեր գինեգործարաններում, խաղողի այգիներում: Տարբեր ընկերություններում լինելը եւ տեղում սովորելը հնարավորություն է տալիս ձեռք բերել գործնական հմտություններ, ավելի լավ ծանոթանալ գինու արտադրման տեխնոլոգիային, համեմատել, թե որ ընկերությունն ինչպես է կազմակերպում գինու արտադրության շղթայի այս կամ այն գործընթացը: Բացի այդ, ուսանողներիս հնարավորություն է տրվում ընդգրկվել սեզոնային վճարովի աշխատանքներում եւ սովորելուն զուգահեռ աշխատել ու վարձատրվել, իսկ սա եզակի հնարավորություն է»,- դուալ կրթության առավելություններն է նշում Աստղիկը, որ ծրագրի առաջին շահառուններից է:
Երրորդ կուրսում ուսանելիս Աստղիկն աշխատանքի միանգամից երկու առաջարկ է ստացել «Արմենիա Վայն» ընկերությունից՝ խաղողի այգիներում կամ լաբորատորիայում: Ընտրել է լաբորատորիան, որտեղ այսօր աշխատում է որպես քիմիկոս-լաբորանտ, կատարում ընկերության արտադրած գինիների անալիզ:
«Սովորելու մեծ սեր չունեցող» աղջիկն այժմ քոլեջի չորրորդ կուրսի ուսանողուհի է, նպատակադրվել է դառնալ Հայաստանի լավագույն կին խաղողագործը: Որոշել է մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալ Ագրարային համալսարանում եւ, օգտվելով համալսարանի ընձեռած հնարավորությունից, շարունակել ուսումը գինեգործական կրթության ոլորտի առաջատար եվրոպական համալսարաններից ՀԱԱՀ գործընկեր Գայզենհայմի համալսարանում:
Ուսումն ավարտելուց հետո Աստղիկը նպատակ ունի հարազատ Գորիսում զբաղվել գինեգործությամբ ու գինու տուրիզմով. նա երազում է Հալիձորում գինետուն հիմնել եւ Սյունիք այցելող զբոսաշրջիկներին հյուրընկալելով իր գինետանը՝ ներկայացնել հայկական հին ու նոր գինիները, ներառյալ՝ իր արտադրածը: