Դուալ կրթություն. Խառը ուսուցման նկատմամբ հետաքրքրվածությունն ու հնարավորությունները Հայաստանում

Ագրարայինը մեր երկրում առաջինն էր, որ քոլեջի մի քանի մասնագիտությունների գծով ներդրեց դուալ կրթության համակարգը, որը տեսությունն ու գործնական հմտությունները միաժամանակ յուրացնելու հնարավորություն է ընձեռում երիտասարդներին: Լսարանային, ապա գործնական աշխատանքերի եւ դասախոս-ղեկավարի հետ քննարկումների ժամաքանակները կարող են տարբեր լինել, բայց կարեւորը հենց այդ համադրության պահպանումն է՝ եռամիասնությունը:
Խառը ուսուցումը շատ համադրելի է դուալ կրթության հետ, դարձյալ ենթադրում է՝ լսարանային աշխատանք, ինքնուսուցում, ապա ուղղորդում, որն իրականացնում է դասախոսը: Ինքնուսուցման փուլում կարեւոր է, որ երիտասարդները ողջ ծավալով կարողանան օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունները:
ՙՄավետա՚ ՄԿՈՒ ծրագրի (ֆինանսավորում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիան եւ աշխատում է ՀՀ-ում դուալ՝ աշխատանքի վրա հիմնված կրթության ներդրման ուղղությամբ) շրջանակում այս հարցերն այսօր քննարկեցին Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները (կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Սարոյանի ղեկավարությամբ) փորձագետ Լիլիթ Բեգլարյանի եւ Բեռնի կիրառական գիտությունների համալսարանից ժամանած փորձագետ Սվեն Նագելի հետ:
Մեր հյուրերը ուսանողներին հանգամանորեն բացատրեցին ուսուցման կազմակերպման այս ձեւերի առանձնահատկություններն ու առավելությունները եւ համատեղ աշխատանքն ամփոփեցին անանուն հարցմամբ: