Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել են ապագա մասնագիտության հարցում: Սակայն, ինչպես խոստովանեցին ամբերդցի պատանիներն ու աղջիկները փետրվարի 17-ին Ագրարային համալսարան այցելության ժամանակ, նրանք չէին պատկերացնում, որ «աʹյս համալսարանն ունի այսպիսիʹ հնարավորություններ»:
Շրջայցը հետաքրքիր էր ոչ միայն աշակերտների, այլեւ նրանց հետ համալսարան եկած դպրոցի փոխտնօրեն Վ. Խաչատրյանի եւ մանկավարժ Ա. Հարությունյանի համար, որոնք երեխաներից ոչ պակաս հետաքրքրություն ցուցաբերեցին Ագրարայինում իրականացված բարեփոխումների, առաջարկվող հեռանկարային կրթական ծրագրերի, աշխատաշուկայում ագրարային մասնագիտությունների պահանջարկվածության, գործնական կրթություն ստանալուն ըստ ամենայնի նպաստող նորարարական լաբորատոր հնարավորությունների նկատմամբ:
Ամբերդցի դպրոցականներն իրենց հետաքրքիր հարցերով «մատնեցին» իրենց նախասիրություններն ու հակումները, ոմանք՝ քիմիայի անսպառելի աշխարհի, մյուսները՝ ջերմատան թվային կառավարման, գինու, ջրային ռեսուրսների կառավարման… Բայց կա մի ասպարեզ, որ միավորում է դպրոցի ամբողջ աշակերտական եւ ուսուցչական համակազմին. դա դպրոցի ինտենսիվ այգին է՝ բոլոր արդիական հնարավորություններով, որ ստեղծվել է տնօրեն Զորիկ Մաղաքյանի անմիջական ջանքերով: Պատահական չէ, որ տնօրենը մեծ տեղ է հատկացնում Ագրարային համալսարանի հետ կապերի ամրապնդմանն ու աջակցում երեխաներին ագրարային մասնագիտություններում կողմնորոշվելու հարցում: Գյուղատնտեսության ոլորտի կերպափոխման այս դարաշրջանում երեխաներին ոչ միայն ինտենսիվ այգու մասին գաղափար տալը, այլեւ՝ այնտեղ աշխատելու, այն խնամելու անմիջական հնարավորություն ստեղծելը շատ բան է ասում այս դպրոցի մասին:
Բոլոր դեպքերում ամբերդցի գեղեցիկ ու խելացի դպրոցականներից շատերը Ագրարային համալսարանին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի, արդեն՝ գործընկերներին հրաժեշտ տվեցին՝ վերադառնալու իրենց ապագա որոշումը չբացառելով, մանավանդ՝ մագիստրանտ Անահիտի եւ ասպիրանտ Զարուհու հաջողության պատմությունները լսելուց հետո:
Ի դեպ, դպրոցականները տեղեկացան, որ կարող են մասնակցել Ագրարային համալսարանում դիմորդների համար անցկացվող մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա ու կենսաբանություն առարկաներից անվճար դասընթացներին: