Վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած երկշաբաթյա այցը արտակարգ արդյունավետ է եղել ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոնի գիտաշխատող, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ․գ․թ․, դոցենտ Բելլա Գրիգորյանի համար։ GIZ-ի, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ ՀԱԱՀ-ի կազմակերպած ճանաչողական այց-վերապատրաստումը հիմնականում եղել է Անտես խաղողագործական ընկերության տնկարանում։ Հայկական պատվիրակությունը, որի կազմում տիկին Գրիգորյանից բացի ընդգրկված էին նաեւ գործընկերներ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից, ինչպես նաեւ արտադրողներ, մասնակցել է նախ տեսական դասընթացի, այնուհետեւ՝ տնկարանում իրականացվող բառացիորեն բոլոր արտադրական գործընթացներին։
Դեկտեմբերի 2-ին դոցենտ Գրիգորյանն իր գերմանական փորձառությունը հաճույքով ներկայացրեց գիտական կենտրոնի եւ ամբիոնի իր գործընկերներին՝ պատեհ առիթ տալով շահեկան ու շահագրգիռ քննարկման։
Խոսեց եւ սահիկներ ու տեսանյութ ցուցադրեց Անտես տնկարանի օրինակով տնկանյութի արտադրական սխամայի մասին՝ կտրոնների մթերում, պատվաստ, ստրատիֆիկացում, տնկում, տնկարանի խնամք, արմատակալների հանում, տեսակավորում, պիտակավորում, պահպանում եւ վաճառք։ 1952 թ․ հիմնադրված ընկերությունն ունի 43 հա խաղողի այգի․ տարեկան արտադրում է 1,5 մլն արմատակալ եւ տնկանյութ է մատակարարում ամբողջ Գերմանիային ու եւս 40 երկրի։
Արտադրական գործընթացի մեքենայացումն այստեղ անընդհատ է տեղի ունենում։ Դոցենտ Գրիգորյանը տպավորված էր առհասարակ տնկարանի արտադրական ամբողջ շղթայի, ինչպես նաեւ տնկիների փորձորոշման ու հավաստագրման համակարգի աշխատանքից, իսկ որպես աչքի զարնող երեւույթ նշեց ամեն փուլում կատարվող ախտահանման ու պիտակավորման գործողությունները։
Բնական էին հարցերը, զուգահեռները մեր իրականության, մեր երկրում ստեղծված եւ ստեղծվող տնկարանների, տնկարանային տնտեսությունների մասին վերջերս ընդունված օրենքի ընձեռելիք հնարավորությունների հետ։ Քննարկումը սահուն կերպով անցավ խաղողագործության բանագավառում հայաստանյան եւ համաշխարհային չարիք դարձած ֆիլոքսերայի թեմային․․․
Հայաստանում խաղողագործության ոլորտի խնդիրները, մասնավորապես տնակարանային բնագավառում, բարդ են, ոչ միանշանակ լուծումներ ենթադրող։ Սակայն Ագրարային համալսարանում հստակ մոտեցում կա լուծումների թերեւս ամենակարեւոր՝ կրթական բաղադրիչն ապահովելու հարցում, եւ այս առումով նպաստավոր է մեր դասախոսների՝ արտերկրում առաջադեմ տեխնոլոգիաների ուսումնասիրման փորձառությունը։
Բելլա Գրիգորյանը մեր այն երիտասարդ հետազոտող դասախոսներից է, որոնք անվերապահորեն բռնել են մասնագիտական կատարելագործման ուղին։ Այս ուղին մեծապես խրախուսում է Ագրոնոմիական ֆակուլտետի ղեկավարությունը, պատահական չէ, որ համանման փորձի տարածման հարցում ֆակուլտետի դեկանի պահանջ-ցանկությունը «բախվում է» դասախոսների կողմից կատարյալ փոխհամաձայնության՝ իմանալ եւ իմացածի մասին իրազեկել այլոց։