Գիտխորհրդի նիստի օրակարգում՝ դեկանների ընտրություններ, սահուն սերնդափոխություն եւ դրական փորձի հանրայնացում

Երեկ՝ հուլիսի 1-ին, հրավիրված նիստում գիտխորհրդի անդամները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, ընտրությունների ընթացակարգի տառին համապատասխան, ուշադրությամբ լսեցին-քննարկեցին երեք ֆակուլտետների դեկանության հավակնորդների ծրագրերը:

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի թափուր հաստիքի համար դիմել էր դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում մրցակցում էին դեկանի պաշտոնակատարը՝ Արեւիկ Աբովյանն եւ Հայկանուշ Առաքելյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար Արման Սիմոնյանը, Հայկ Ղազարյանը եւ Լիանա Խաչատրյանը: Վերջինը նախորդ օրը ինքնաբացարկ էր հայտարարել: Ապագայի տեսլականը ներկայացնելու կարեւոր փուլին-նիստին թեեւ չէր ներկայացել Հայկ Ղազարյանը, բայց անունը մնաց քվեաթերթիկում, քանզի կանոնակարգով նման դեպք նախատեսված չէ, աննախադեպ էր: Մյուս չորս հավակնորդի վերլուծություն-դիտարկումները շատ հետաքրքիր էին, ըստ էության: Փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին՝ Արմենակ Տեր-Գրիգորյանը, ձայների գերակշռությամբ՝ Արեւիկ Աբովյանը եւ Արման Սիմոնյանը:

Համալսարանի ՈԻԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը ներկայացրեց վերջին հինգ տարում այս շատ կարեւոր կառույցի աշխատանքները, ձեռքբերումները, բարձրացրեց նաեւ երիտասարդներին հուզող խնդիրներ: Նա շատ կարեւորեց, որ գիտության ասպարեզ մտնելու պատրաստ մարդկանց բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերվի: Մասնավորապես, ռեկտորը շեշտեց, որ առաջիկայում կանոնակարգի փոփոխությամբ՝ գիտական հանդեսներում տպագրված հոդվածներ ունեցողները նույնպես կընդգրկվեն նյութական խրախուսանքի համար սահմանված սանդղակում:

Օրակարգի հաջորդ հարցը նախորդի գրեթե տրամաբանական շարունակությունն էր: Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի զեկույցը նվիրված էր թողարկող ամբիոնների դասախոսների բնականոն սերնդափոխության եւ մասնագիտական առաջխաղացման վիճակի բարելավման ուղիներին: Խրախուսման անաչառ-կշռելի-բոլորի համար ընկալելի չափման միավորները ակադեմիական միջավայրի էական բնութագրիչներ են:

Այսուհետ 70.000 դրամ կրթաթոշակ կստանան միայն այն մագիստրանտները, որոնց բակալավրիական աստիճանը նույնն է կամ մոտ է մագիստրոսական ծրագրին: Կանոնակարգի այս շտկումը պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, ի թիվս այլ ընդհանուր հարցերի, առաջարկեց գիտխորհրդին եւ այն հավանության արժանացավ:

Ռեկտորի շրջաբերականով՝ ամբիոնների արտասահմանյան գործուղումների մեկնած աշխատակիցները իրենց հաշվետվությունները այսուհետ պետք է ներկայացնեն նաեւ ֆակուլտետների գիտխորհուրդներում: Իսկ վարչական կազմի ներկայացուցիչները՝ համալսարանի գիտխորհրդում: Երեկ այդ փորձը առաջին անգամ կիրառվեց եւ շատ փայլուն: