Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաները արդեն չորրորդ օրն է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում մասնակցում են՝ «Փափուկ հմտություններ, անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» դասընթացին: Այս կարեւոր նախաձեռնությունն իրականացնում են ՀԱԱՀ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը եւ Civitta Հայաստանը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Դասընթացը վարում է ոլորտի ակնառու մասնագետներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը:
-Շատ կարեւոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցինք,- միաձայն կրկնում են բոլոր մասնակիցները,- սովորեցինք գրագետ CV կազմելու, բանավոր խոսքը կուռ կառուցելու կանոնները: Դասընթացը մեզ շատ օգնեց, որ հասկանանք թիմում ներգրավվածության ու արդյունավետ աշխատանքի սկզբունքները:
– Խոսելիս հիմա ավելի ինքնավստահ եմ դարձել: Նախկին շփոթվածությունից, կաշկանդվածությունից կարողացա ձերբազատվել: Դրանք ինձ շատ էին խանգարում:
Վերջին հանդիպման թեման նվիրված էր բանակցելու կարողությունների զարգացմանը: Դասընթացավարը հանձնարարություններ էր տալիս, որոնք պետք է կատարեին միայնակ-զույգերով-մեծ թիմով: Ուսանողներն ակնհայտորեն անհունորեն հետաքրքրված էին առաջադրանքով: Թիմային աշխատանքը աղմկոտ էր՝ բնորոշման ամենալավ իմաստով: Քննարկում էին, վերլուծում, ներկայացնում էին իրենց տեսակետները եւ ուշադրությամբ լսում էին մեկմեկու:
Իբրեւ ամփոփիչ առաջադրանք, պարոն Ավետիսյանը հանձնարարեց մեկ րոպե տեւողությամբ տեսաուղերձներ պատրաստել: Երիտասարդները պետք է փորձեն վայելուչ ներկայանալ, պետք է պատմեն դասընթացի մասին եւ այն հմտությունների, որոնք այլեւս անքակտելիորեն «իրենցով են արել»: Անկորնչելի են: Մոտ օրերս բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: