Դասավանդում Էվորայի համալսարանում Էրազմուս+-ի շրջանակում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջա­նակ­ում 2022 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը դասավանդման ծրագրով մեկնել եմ Պորտու­գալիայի Էվորայի համալսարան։ Այն Պորտուգալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 1559 թ․։

Այցս սկսվեց Էկոնոմիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, էկոնոմիկա մասնագիտության համակարգող Ֆերնանդա Պիեքսեի հետ հանդիպումով, որը շրջայց կազմակերպեց համալսարանում` ծանոթացնելով ստորաբաժանումների հետ։ Մենք երկուստեք ներկայացրեցինք մեր համալսարանների պատ­մությունը, գործունեությունը, եւ քննարկեցինք գործակցության մի շարք հարցեր։

Այցելության երկրորդ օրը համընկավ Պորտուգալիայի ազգային տոնի, ինչպես նաեւ համալսարանի հիմնադրման օրվա հետ, եւ հաճույքով ընդունեցի տոնի առթիվ համալսարանում կազմակերպված տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Հաջորդ օրերին հանդիպումներ եմ ունեցել Էկոնոմիկայի դեպարտամենտի վարիչ պրոֆ. Էլզա Վազի եւ պրոֆեսոր Պեդրո Էնրիկեյի հետ եւ առիթ ունեցա պատասխանել Հայաստանի տնտեսության հիմնահարցերին եւ ՀԱԱՀ գործունեությանն առնչվող հարցերին։

Նախանշված ծրագրի համաձայն դասախոսություններ եմ կարդացել էկոնոմիկայի դեպարտամենտի բակալավրիատի 3-րդ, ի դեպ՝ ավարտական կուրսի ուսանողների համար։ Այցելությանս վերջին օրը նշանա­վորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ եւ մասնակցության վկայականի հանձնմամբ։

Այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու հյուրընկալող համալսարանի կրթական համակարգին, փորձ եւ գիտելիքներ փոխանակել, ձեռք բերել նոր կապեր,  ինչու չէ՝ նաեւ բացահայտել հյուրընկալող երկրի հասարակությունը եւ պատմամշակութային արժեքները։ Համոզված եմ, որ այն դասախոսները, որոնք լավ կապեր եւ հարաբերություններ ունեն արտերկրի հաստատությունների հետ, գիտեն շարժունության հավելյալ արժեքը եւ ավելի մեծ հնարավորություն ունեն համանման ծրագրերին մասնակցելու հարցում աջակցելու ուսանողներին։ Անշուշտ, համանման ծրագրերը կարեւոր են առհասարակ համագործակցության նոր հնարավորությունների եւ միջազգային ինտեգրման հետագա համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից։

Մերի Մանուչարյան

Ագրարային էկոնոմիկայի ամբիոն դասախոս, տ.գ.թ. դոցենտ