Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, որը մանրամասնորեն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաեւ ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն  օրը հանդիպում եմ ունեցել նաեւ ինձ Էրազմուս+-ի էկոնոմիկայի գծով համակարգող Սիլվիա Ժորժեի հետ:

Հաջորդ օրերին նախապես հաստատված թեմաներով (Հայաստանի եւ այլ երկրների աշխատաշուկայի համեմատական վերլուծություն, խտրականության խնդիրները աշխատաշուկայում, բնակչության սոցիալական ապահովությունը եւ դրա նշանակությունը աշխատաշուկայում, նորարարությունների եւ թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վրա) դասախո­սություն­ներով հանդես եմ եկել էկոնոմիկայի եւ միջազգային բիզնեսի 3-րդ կուրսի ուսանողների եւ մագիստրանտների համար: Շարժունության ընթացքում հանդիպումներ ունեցա տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության եւ տուրիզմի ֆակուլտետի պրոֆեսորներ Էլիզաբեթ Պերեյրայի, Սելեստե Վարումի եւ այլոց հետ, մասնակցեցի քննարկումների եւ դասախոսությունների: Այցիս վերջին օրը նշանավորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ եւ մասնակցության վկայականի հանձնմամբ:

Այս շարժունությունը ինձ հնարավորություն տվեց կատարելագործել անգլերենով դասավանդելու կարողություններս, զարգացնել մասնագիտական հմտություններս, ինչպես նաեւ ձեռք բերել գործակցային նոր կապեր: Շնորհակալ եմ Միջազգային կապերի դեպարտամենտին այս հնարավորության համար, քանի որ համանման ծրագրերը բարձրացնում են աշխատանքի նկատմամբ շահադրդվածությունը, նպաստում են նոր հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ՝ ուսումնական գործընթացի միջազգայնացմանը:

Մերի Մանուչարյան

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.