Փետրվարի 16-ին ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը դեկանը՝ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, սկսեց հաճելի արարողությամբ: Նա տեղեկացրեց, որ դոցենտ Անահիտ Գալանտերյանը CASCADE կոնսորցիումի աշխատանքներին լավագույնս մասնակցելու եւ բուհի պատիվը բարձր պահելու համար արժանացել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի շնորհակալագրի: Գնահատելի աշխատանքի համար տիկին Գալանտերյանը ռեկտորատի կողմից արժանացել է նաեւ դրամական խրախուսանքի:
Մեր կայքի ուշադիր հետեւորդները տեղյակ են, գիտեն համագործակցության վերոնշյալ հարթակի գործունեության մասին: Աշխատանքները կանոնավոր պարբերականությամբ լուսաբանվել են: Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ագրարային համալսարանների հանուն զարգացման CASCADE կոնսորցիումի շրջանակում, ZOOM-ի միջոցով, սեպտեմբերից մեկնարկեցին տնտեսագետ-ուսանողների պարապմունքները, որոնց մասնակցում էր 400 երիտասարդ: Ագրարայինից մասնակիցները սկզբում յոթն էին, սակայն ավարտին հասան երեքը: Օրը ութ ժամ պարապմունքներ էին, ուսումնասիրել են 16 առարկա, ամեն շաբաթվա վերջում քննություն են հանձնել:
Տիկին Գալանտերյանը ռուսերենով դասավանդել է տեղեկատվական տեխնոլոգիաները էկոնոմիկայում եւ մենեջմենթում: Դասախոսությունները ուղեկցվել են ցուցադրական առատ նյութերով: Աշխատանքները սկսվելուց ընդամենը օրեր անց արդեն պարզ էր, որ մեր գործընկերուհին դարձել է ամենասիրված դասախոներից մեկը: Հեշտ չէ, տարբեր ազգույթան, աշխարհայացքի, դավանանքի, արժեհամակարգի տեր 400 մարդու սիրտը նվաճելը: Այն հետեւողական, նվիրումով աշխատանքի արդյունք է: Աշխարհագրական եւ ժամային գոտիների մեծ ընդգրկումով լսարանը ենթադրում էր, օրինակ «աշխատանքի ներկայանալ» վաղ առավոտյան Երեւանի ժամանակով՝ 6-ին: Դասերից հետո էլ սկսվում էր անվերջ նամակագրությունը: Ուսանողները իրենց հուզող հարցերը անկաշկանդ հղում էին 7/24 օրակարգով, անդադար:
- 17/02/2021
- 2021