Օգոստոսի 30-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանի Պարենի եւ գյուղատնտեսության ինստիտուտի տնօրեն, կրթության եւ վերապատրաստման միջազգային փորձագետ, անկախ լրագրող Բիլ Երիցյանին։ Դոկտ․ Երիցյանը Ագրարային համալսարանի հին բարեկամներից է, մասնակցել եւ/կամ ղեկավարել է մեր համալսարանի հետ համագործակցության տարբեր ծրագրեր։
«Այն ամենն, ինչ տեսնում եմ հիմա Ագրարային համալսարանում՝ անհավանական է թվում։ Ինձ համար առանձնապես կարեւոր է տեսնել դեռ տասնամյակներ առաջ մեր համատեղ քննարկումների առարկա դարձած կարեւոր ենթակառույցները՝ իրականություն դարձած։ Սա երազանքի իրականացում է»,- ասաց պարոն Երիցյանը ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ համալսարանի նորարարական լաբորատորիաներից ու կենտրոններից մի քանիսում շրջելուց հետո։
Շրջայցը սկսվեց Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայից եւ շարունակվեց Ջրային եւ հողային ռեսուրսների տեխնոլոգիական հետազոտական կենտրոնով, ագրոանօդաչուների, Սննդամթերքի որակի հսկման, Գարեջրի եւ թորման, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գինու քիմիայի լաբորատորիաներով, գինու համտեսի սրահով եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնով։
Քննարկվեցին Ֆրեզնոյի համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ համագործակցության հարցեր, որոնց ընդգրկումն ու ուղղվածությունը էականորեն առնչվել եւ առնչվում է Կալիֆորնիայի հայ համայնքի աջակցությանը, որի ակտիվ անդամներից է Երիցյանը։