Հին Աշխարհից մինչեւ ուշ միջնադար հատկապես մենք՝ հայերս էինք համարվում «համաշխարհային առեւտրաշրջանառության» գլխավոր գործոնները, Արեւելք – Արեւմուտք եռանդուն կապերի շարժիչ ուժը, երաշխավորը: Առեւտուր՝ նշանակում էր (եւ՝ է) լավ հասկանալ գնորդ-վաճառող երկյակի հոգեբանական առանձնահատկությունները, լեզուն (վերբալ եւ ոչ վերբալ), առաջնահերթություններն ու ձգտումները: Նշանակում էր աշխարհագրության, աստղագիտության, օտար լեզուների, տարբեր ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների լավ իմացություն: Հենց այս ամենով մենք առանձնահատուկ էինք, հաջողակ:
Այսօր իրականությունը տարբեր է, բայց ժամանակակից առեւտրի նրբությունները իմանալ պետք է: Եւ ինչո՞ւ միայն առեւտրի: Նրբությունները պարզապես իմանալ է պետք՝ բոլորին: Բոլոր նրանց՝ որոնց այդ հնարավորությունը տրվում է ԵՄ «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» նախագծի շրջանակում-շնորհիվ:
Մեկնարկել է այս օգտաշատ ձեռնարկի նոր տարեշրջանը (նախորդը հանգամանորեն լուսաբանելու հնարավորություն ունեցել ենք): 21 ուսանող (բոլոր տարակարգերի՝ քոլեջի, բակալավրիատի, մագիստրատուրայի, հեռակա ուսուցման համակարգի)՝ երկու խմբով, շաբաթական երեք օր մասնակցում են վարժանքների-դասընթացների: Նրանց շարքերում կան արդեն նախորդ փուլերի մասնակիցներ: Քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երկրորդ կուրսեցի Նարեն մասնակցել է բոլոր հնարավոր «մարզումներին», ասում է՝ իր բուն մասնագիտության մեջ կայանալուն էլ շատ կօգնեն այս հմտությունները, որ ձեռք են բերում նախագծի շնորհիվ:
Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը ուսանողների հետ աշխատում է սահիկների օգնությամբ ցուցադրվող նյութերով, ինտերակտիվ սկզբունքով, հարցերը քննարկել-դիտարկելով, անպատճառ եզրահանգումներով, որ անում են իրարից այդքան տարբեր ու հետաքրքիր մարդիկ: Նրանց անհատական հանձնարարություններ են տրվել, որոնք կամփոփվեն շատ մոտ ապագայում, եւ անշուշտ մեր ընթերցողներին մանրամասն կիրազեկենք այդ ամենի մասին: Իսկ պարոն Հարությունյանը գոհ է.
-Շատ հետաքրքիր խումբ է հավաքվել, արդյունքները կարծում եմ գոհացնող կլինեն:























