Ավարտաճառերի պաշտպանություն. Հաղթահարված եւս մեկ՝ կարեւոր փուլ

Այսօր, հունիսի 27-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ջրային եւ հողային պաշարների կառավարում մասնագիտության մագիստրանտների ավարտաճառերի պաշտպանությունն էր: Մեկնարկին՝ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը երիտասարդներին հորդորեց առանց լարվելու, բայց փայլուն կատարել գործը, որը եւս մեկ՝ կարեւոր փուլի հաղթահարման ավարտն է ազդարարելու:

Ինչն էր դրականորեն աչքի զարնում. գրեթե ավարտած մագիստրոսները առանց երկար-բարակ պատմական ակնարկների անցնում էին բուն հարցի, խնդիրների, քարտեզների դիտարկմանը, մեկնաբանմանը: Երեւի այդպես էլ պետք է լիներ՝ ճարտարագետներ են՝ կիրառական հմտություններով, ռոմանտիզմը մտքում պահած:

Կար թեմա, որի դաշտային աշխատանքների իրականացմանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել AGRI CAMP ծրագիրը: Թեման շատ կարեւոր է, որովհետեւ սահմանային համայնքի ոռոգման խնդիրներին է նվիրված: Ե՜ւ մագիստրանտը՝ Արման Ավետյանը, ե՜ւ ղեկավար Գեղամ Նավոյանը շատ մեծ, կարեւոր գործ էին արել: Հիմնախնդիրը սիրով էին ուսումնասիրել, եւ, հավանաբար, դեռ կշարունակեն:

Հատկապես ցանկանում ենք առանձնացնել ատեստավորման հանձնաժողովի անդամ, ավագ սերնդի պատկառելի ներկայացուցիչ Գեորգի Գեւորգյանին: Նա մասնագիտության պատվի համար այնքան նախանձախնդրորեն էր ուսումնասիրում աշխատանքները, ճշտող-հստակեցնող հարցեր էր տալիս, սիրով էր լսում երիտասարդներին: Նաեւ՝ ներողամտաբար: Բոլորս էլ այս ճանապարհը անցել ենք։

Ցավալի էր, որ թեմաների առանցքային խնդիրների մասին հարցերին ոմանք դժվարանում էին պատասխանել եւ կարծում ենք հուզմունքն այստեղ դեր չուներ…

Հ.Գ. Մի կազմակերպչական բացթողում: Լսարանում ամռան տապ էր՝ բոլոր ծանր հետեւանքներով: Կարծում ենք, կարելի էր պաշտպանությունն իրականացնել օդորակիչ ունեցող բազմաթիվ սրահներից մեկում: