Ավարտաճառերի պաշտպանություն. Ճշգրիտ գյուղատնտեսության առաջնեկ-մագիստրոսները

Հունիսի 29-ին մագիստոսական թեզերն էին պաշտպանում Ճշգրիտ գյուղատնտեսություն ծրագրի առաջին շրջանավարտները: Մագիստրոսական այս նոր նախագիծը հնարավոր եղավ կյանքի կոչել Գերմանիայի կառավարության, ինչպես նաև ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի անմիջական աջակցությամբ:

Լաբորատորիայում ամեն ինչ շատ հանդարտ էր, առանց հույզերի ու իրարանցման: Պարզապես երեք սերնդի՝ ավագ, միջին եւ հենց այդ պահին օծվող մասնագետների բարյացակամ զրույց էր, քննարկում, փոխկանչ, անելիքներն ու առաջնահերթությունները ճշգրտելու պատեհ հնարավորություն:

Ատեստավորման հանձնաժողովի անդամները շեշտում էին ՝ թեմաներն ընտրված են օրվա հրամայականի, էկոնոմիկայի նախարարության առաջնահերթութունների համապատասխան, համահունչ: Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, մեր բուհի շրջանավարտ, տ.գ.թ. Դավիթ Մեժլումյանը մեկնարկին նկատեց.

-Մեծ պատիվ եւ հպարտություն է իմ սիրելի բուհում լինել: Վստահ եմ, որ առանց ճշգրիտ, կայուն գյուղատնտեսությունների այլեւս անհնար է պատկերացնել ոլորտը: Շնորհավորում եմ, որ հասել եք այս փուլին:

ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու, գ.գ.դ. Էմիլ Գեւորգյանը, որի ջանքներն անուրանալի են այս ծրագիրը կյանքի կոչելու հարցում, ասաց, թե որոշ ավարտաճառերի թեմաներ համապատասխանեցրել են Ագրարայինում իրականացվող հետազոտությունների ուղղություններին, եւ շարունակություն են ենթադրում: Բոլոր թեմաներն էլ կենսական ու կիրառական նշանակություն ունեին:

Կատարվեց: Մագիստրոսական ծրագրի չորս շրջանավարտ այլեւս մասնագետ են, եւ հույս ունենք, որ նրանք նվիրումով կլծվեն հայրենի տնտեսության շենացման գործին: