Ուսանողների հետ առաջին շփումը սովորաբար սկսվում է նույն հարցից. «Ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»:
-Ասե՞մ: Անկեղծորեն ասե՞մ,- չարաճճի հայացքն է փախցնում պարմանուհին,- Լավ: Անկեղծորեն: Մաթեմատիկա էի պարապում, այլ համալսարանի թիթիզ-միթիզ մասնագիտություն էի ընտրել: Հորեղբայրս ու ուսուցչուհիս խորհուրդ տվեցին գալ «Գյուղինստիտուտ»: Իսկ ինձ հենց այդ «Գյուղ»-ը դուր չէր գալիս: …Բայց եկա, ընդունող հանձնաժողովը սիրով դիմավորեց, շուրջս նայեցի՝ միջավայրը, շատ տրամադրող ու հարմարավետ էր: Հետո ուսանող դարձա, ու շնորհակալությամբ հասկացա, որ իմ հարազատ մարդիկ ճիշտ խորհուրդ էին տվել: Բացի Ագրարայինից այլ բան չեմ պատկերացնում հիմա:
Հասմիկ Հայրապետյանը Կոտայքի մարզի, Գառնի գյուղից է, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ավարտական կուրսում է սովորում: Աշխատանքային կիսամյակն անցկացրել է Եւրոթերմ ՓԲԸ-ում:
-Որակի բաժնում էի, որի պատասխանատուն Թերեզա Մանուչարյանն է: Ընկերությունում բոլորը, բայց Թերեզա Մանուչարյանը հատկապես, շատ ջերմ ընդունեցին, սովորեցրին շատ-շատ կարեւոր գործնական հմտություններ: Իմ աշխատանքային փորձուսուցման շրջանը ձեւակերպված էր: Նշանակում է, եթե այս ընկերությունում աշխատանքի չընդունվեմ, մեկ այլ վայրում չեն կարողանա մերժել, թե աշխատանքային փորձառություն չունեմ:
Հասմիկը երազում է աշխատանք գտնել հենց իր մասնագիտությամբ:
Քանի որ մենք առաջամարտիկն ենք աշխատանքային կիսամյակի ներդրման, ուսանողուհին մի առաջարկություն ունի. ցանկալի է, որ վերջին կուրսի երկրորդ կիսամյակում գնան փորձուսուցման, երբ համալսարանում բոլոր դասընթացները, ավարտաճառի նյութերի հավաքման «սեւ» փուլը ավարտած կլինեն: Հասմիկը համոզված է, որ այս փոքրիկ շտկումները ավելի արդյունավետ եւ հեշտ կդարձնեն հաջորդ սերունդների ընթացքը: