Աշխատանքային կիսամյակ. Նաիրցիները՝ «Նաիրիանում»

«Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության դռները լայնորեն բաց են մեր ուսանողների առջեւ եւ չենք կարող շնորհակալությամբ չընդգծել այս իրողությունը:

Բայց պատմենք՝ ժամանակագրությունը չխախտելով: Ընդամենը 5 տարի առաջ էր, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի դպրոցականները ճանաչողական այցով եղան Ագրարայինում եւ Սուսան Խաչատրյանն անմիջապես հասկացավ, որ գտել է իր բուհն ու ընտրել է մասնագիտությունը: Նա ակտիվ ու լի ուսանողական տարիներ անցկացրեց՝ մասնակցություն մարզական, մշակութային միջոցառումների, բայց ամենակարեւորը՝ հարակայուն գյուղատնտեսության այբուբենն ու հիմնարար օրենքները յուրացրեց ինչպես հարկ է:

Հայտնի բան է՝ ուսանողական տարիները տիեզերական, անողոք արագությամբ են թռչում ու եկավ ավարտական կուրսի աշխատանքային կիսամյակը:

– Ինչպե՞ս անցավ փորձուսուցումը, հետաքրքի՞ր էր:

– Շաաատ, շատ լավ,- խանդավառված պատասխանում է Սուսանը,- շատ հագեցած, շատ հետաքրքիր էր: Լսարանում սովորածը համակուրսեցի Մեժլումյան Ժաննան եւ ես փորձեցինք կիրառել գործնականում: Ե՛ւ եթերայուղատու բույսերի մշակությամբ, հավաքել-չորացնելով զբաղվեցինք, ե՛ւ օրգանական թեյեր ու չրեր պատրաստեցինք:

Սուսանը ընկերությունից աշխատանքի առաջարկ ստացավ, սակայն կարծում է դեռ ակադեմիական գիտելիքները խորացնելու անհրաժեշտություն կա: Նա պատրաստվում է հարազատ բուհում նաեւ մագիստրոսի աստիճան ստանալ: Եւ կստանա: Համոզվա՛ծ ենք: