ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ մայիսի 24-ին, ընդունել է Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Բիզնեսի կառավարման եւ կոմերցիայի ինստիտուտի տնօրեն Էնդրյու Գալեային։ Գործընկերները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ երկու երկրներում գյուղատնտեսության ոլորտի առկա զարգացումներին եւ մարտահրավերներին արձագանքելու՝ MCAST-ի եւ ՀԱԱՀ-ի կարողունակությանը, ոլորտի համար արդիական գիտելիքներով, հմտություններով եւ փորձով մասնագետների պատրաստման հրատապ խնդիրներին։
Մալթայում, ինչպես ներկայացրեց Էնդրյու Գալեան, բնորոշ խնդիրներից են վերաշրջանառու համակարգերի զարգացման միջոցով ջրային ռեսուրսների խնայողական օգտագործումը, սուղ եւ չափազանց թանկ գյուղատնտեսական հողերի վարձակալության ոլորտում առկա խնդիրները, բնակչության չափազանց մեծ խտության ուղղակի ազդեցությունը գյուղատնտեսության վրա, պարենային ինքնաբավության բացակայությունը եւ կախվածությունը այլ երկրներից եւ այլն։ Իսկ գյուղմթերքի տեսակները, որոնցով Մալթան շատ հայտնի է՝ կարտոֆիլն է, մեղրը եւ միջերկրածովյան տարածաշրջանի բույսերը։
Խնդիրներից շատերն ընդհանուր են մեր երկու երկրների համար, իսկ լուծումները, մասնավորապես ագրարային կրթության մակարդակում, նորից ու նորից նոր տեխնոլոգիաներն են։ Այս առումով ռեկտոր Ուռուտյանը բավականին ասելիք ուներ՝ մեր համալսարանում ստեղծված լաբորատոր-հետազոտական կենտրոնների ընձեռած լավագույն հնարավորությունների, ոլորտում գործող առաջատար ընկերությունների հետ գործակցաբար ուսումնական պլլանների մշտական բարելավման, աշխատանքային կիսամյակի գործելակերպերի հաջողության մասին։ Պարոն Գալեայի խոսքով, գործատուի հետ փոխվստահության համանման սխեմայով են աշխատում նաեւ իրենք։
Մալթացի հյուրը հնարավորություն ունեցավ նաեւ տեսնելու մեր համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսը եւ համեմատելու Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի պայմանների հետ։ Ի դեպ, քոլեջն ունի բակալավրիատ եւ մագիստրատուրա, իսկ առաջիկայում կմեկնարկի նաեւ ասպիրանտուրան։
Միջերկրական ծովի կենտրոնում, կղզեխմբում գտնվող փոքրիկ Մալթան, որ մեծ պատմություն ունի, այսօր տնտեսապես զարգացած երկիր է։ Այն լուրջ հաջողությունների է հասել ազգային ավանդույթների սկզբունքային պահպանման, քաղաքական չեզոքության եւ տնտեսական հուսալի գործընկերության շնորհիվ։
Իսկ Էնդրյու Գալեան տպավորված էր ՀԱԱՀ-ից եւ առհասարակ Հայաստանից, որը մեծ երկիր է համարում եւ դրա համար լուրջ փաստարկներ ունի, ընդ որում՝ ոչ միայն որպես մալթացի․․․