Առաջինները երկրում․ ագրոնոմները գնում են աշխատանքային կիսամյակի

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ ամբիոնների վարիչների ապրիլի 14-ի «օրհնությամբ», ֆակուլտետի 3-րդ կուրսի 26 ուսանողներ ապրիլի 25-ին կսկսեն իրենց վճարովի փորձուսուցումները, այլ խոսքով՝ աշխատանքային կիսամյակը Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ձեռնարկություններում ու տնտեսություններում։

Ապագա ագրոնոմները, սելեկցիոներները, բույսերի պաշտպաններն ու անտառագետները դեկան Տեր-Գրիգորյանից ստացան 6-ամսյա (երկու ամիս ընդմիջմամբ) փորձուսուցման վերաբերյալ կազմակերպչական հրահանգներ եւ, անշուշտ, հաստատակամ հորդոր՝ լրջությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվելու համալսարանում եւ առհասարակ երկրում առաջին անգամ իրականացվող աշխատանքային կիսամյակի գաղափարին։ «Հիշեք, որ դուք, ըստ էության, աշխատանքային փորձուսուցման այս նորարարական մոտեցումն իրականություն դարձնող առաջին ուսանողներն եք, դրոշակակիրները եւ համալսարանի ու ֆակուլտետի դեսպանները գործատուների շրջանում»,- ասաց պարոն Տեր-Գրիգորյանը։

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, դեկանատը եւ ամբիոնները գործատուների հետ մեծ ծավալի նախապատրաստական ջանքեր են գործադրել՝ աշխատանքային կիսամյակը հաջողությամբ անցկացնելու համար եւ ակնկալում են ուսանողների ակտիվ, պատասխանատու եւ խանդավառ մասնակցությունը վարձատրվող փորձուցմանը։ Այն երկու կարեւոր հնարավորություն է տալիս ուսանողին՝ ունենալ պաշտոնապես ճանաչվող աշխատանքային փորձ եւ, շատ դեպքերում՝ ակնկալվող հիմնական աշխատանք փորձուսուցման վայրում։

Ագրոնոնոմիականի դեկանը հայտարարեց, որ դեկանատի եւ ամբիոնների դռները միշտ բաց են, իսկ դեկանը, ամբիոնների վարիչներն ու դասախոսները՝ մշտապես հասանելի ուսանողների համար՝ հնարավոր ամեն մի խնդրին պատշաճ լուծում տալու նկատառումով։

Դեկան Տեր-Գրիգորյանը նաեւ հանձնարարեց փորձուսուցման վայրերում տվյալներ հավաքել դիպլոմային աշխատանքների համար, որ պաշտպանելու են գալիք տարվա գարնանը․ 26 ուսանողներից բաղկացած այս խումբը նաեւ քառամյա ուսուցման համակարգով ավարտողների առաջին  ջոկատում է։