Առաջինկուրսեցիները ծանոթանում են համալսարանի ենթակառույցներին

Նոր ուսումնական  տարին ընթացքի մեջ է, բուհի ՀԱԱՀ կարիերիայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, իր գործառույթներին հավատարիմ, ստանձնել է առաջինկուրսեցիներին համալսարանի ենթակառույցներին ծանոթացնելու կարեւոր գործը:

«Արդեն տաս օր է  գալիս ենք համալսարան, բայց ամեն ինչ դեռ այնքա~ն անսովոր է՝ նոր  միջավայր, նոր ընկերներ, նոր  գրաֆիկ, կարծես մի տեսակ շփոթված լինենք: Կարիերայի կենտրոնի նախաձեռնած շրջայցը շատ օգտակար է բուհ նոր ընդունված ուսանողներիս համար  հսկայական համալսարանի մեծ ու փոքր անկյունները բացահայտելու տեսանկյունից» ,-ասում է «Ագրոբիզնես և ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ավագը՝ Լիլիթ Շահումյանը, որն ընտրել է  հենց ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետը՝ հետագայում կրթությունը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում շարունակելու հեռանկարով:

Սեպտեմբերի 6-11-ը համալսարանի բոլոր 5 ֆակուլտետների բակալավրիատի առկա ուսուցման  առաջին կուրս ընդունված ուսանողները Կարիերիայի զարգացման և շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մանե Շուշանյանի ուղեկցությամբ շրջել են համալսարանի մասնաշենքերում, եղել ՀԱԱՀ գրադարանում, ընթերցասրահներում, ուսումնափորձնական լաբորատորիաներում, ջերմատանը, Ագրիթեք ինկուբատորում, մեծ և փոքր դահլիճներում, մարզադահլիճում, ուսանողների համար նախատեսված հանգստի տարբեր գոտիներում…

Գրադարանի աշխատակիցները նորեկներին ներկայացրել են բուհի գրադարանի  ու ընթերցարահների հնարավորությունները, բացատրել էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգը, իսկ ուսումնափորձնական կենտրոնների և  լաբորատորիաների պատասխանատուները՝ ծանոթացրել տարբեր ենթակառույցների գործառույթներին, հնարավորություններին,  այնտեղ կատարվող աշխատանքների բնույթին՝ նշելով, որ բոլոր ֆակուլտետների ուսանողները կարող են անխտիր օգտվել ՀԱԱՀ ենթակառույցների ռեսուրսներից՝ իրականացնեով իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ փորձեր, ուսումնասիրություններ: Ուսանողները համակ ուշադրությամբ լսում էին մասնագետներին, փորձում մտապահել այցելած ենթակառույցների տեղադիրքը:

Շրջայցի վերաբերյալ տպավորություններն է պատմում «Ագրոէկոնոմիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Յուրի Ասատրյանը.

«Անսովոր ու հետաքրքիր իրավիճակ է: Շրջայցից հետո համալսարանն ինձ համար ավելի հետաքրքիր դարձավ, բացահայտեցինք մեզ համար նոր աշխարհ, նոր ոլորտներ, նոր  հնարավորություններ, որոնց մասին տեղյակ չէինք: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին դեռ շատ առիթներ կունենանք մոտիկից առնչվելու այն ամենին, ինչն այսօր տեսանք: Անշուշտ կօգտագործենք ստեղծված հնարավորությունները լավ մասնագետ դառնալու մեր ճանապարհին»: