Մայրության եւ գեղեցկության օրվա՝ Ապրիլի 7-ի տոնակատարությունը հերթական անգամ հետաքրքիր դրսեւորում ունեցավ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։ Համալսարանի հանրությանը վարժարանցիները «սովորեցրել» են, որ այս հաստատությունում ուսումնառության եւ դասավանդման անընդհատական բարձրացմանը զուգահեռ նաեւ սերմանվում են բարձր արժեքներ, հայրենիքի վաղվա օրվա համար պատասխանատվություն։
Այսօր էլ վարժարանի սաներից հերթական հրաշալի քառյակը, ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ներկայությամբ, պոեզիայի սրտառուչ լեզվով արտահայտված երախտագիտության զգացումի հրաշալի պահեր պարգեւեցին իրենց ուսուցչուհիներին՝ օգտագործելով տոնի պատեհ առիթը։
Մինչ այդ վարժարանի գեղեցիկ եւ ուժեղ կանանց «հավաքականին» ջերմորեն ողջունեցին եւ տոնի առթիվ բարեմաղթանքներ հղեցին պրոռեկտոր Զաքոյանը եւ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը՝ յուրովի արժեւորելով նրանց ամենօրյա դժվարին, բայց պատվաբեր աշխատանքը։
Պարոն Զաքոյանը նաեւ ռեկտորի անունից շնորհակալագիր հանձնեց մանկավարժներից երկուսին՝ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Եսայանին եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հակոբյանին՝ «նվիրյալ մանկավարժ լինելու եւ աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար»։ Ինչպես նշեց Արաքս Հակոբյանը, պարգեւատրվածներն արել են ավելին, քան պահանջվում եւ ակնկալվում էր իրենցից։