Ամփոփումներ․ «մեզ համար անչափ կարեւոր էր աշխատանքային կիսամյակը»

Սեպտեմբերից սկսյալ մեր ընթերցողներին պարբերաբար պատմել ենք աշխատանքային կիսամյակի բոլոր փուլերի, ընթացքի մասին: Հիմա եկել է վերջնական ամփոփումների պատասխանատու ժամանակը:

Երեկ՝ հունվարի 16-ին, հողային եւ ջրային պաշարների կառավարում մասնագիտության ավարտական կուրսեցիները պաշտպանում էին հաշվետվությունները: «Արփինե Սուքիասյան Մադոյի» ԱՁ, «Բրիքս» ՍՊ, «Սյունիք» ՍՊ, «Ռեկոն» ՍՊ, «Ջինջ» ՍՊ, «Դելտաշին» ՍՊ. սրանք են այն ընկերությունները, որոնք սիրով ընդունեցին մեր սաներին ու օգնեցին առաջին՝ հաճախ անհաստատ, քայլերն անել մասնագիտության ասպարեզում: Օգնեցին, որ համալսարանական տեսական գիտելիքը ամրակայվի գործնական կիրառությամբ, որ դաշտային աշխատանքներից մինչեւ նախագծում ողջ շղթայի մասնակիցը լինեն երիտասարդները: Եւ այսօր նրանք շնորհակալ են ե՜ւ բուհից, ե՜ւ գործատուներից (շատերն արդեն աշխատում են նշված ընկերություններում) ընձեռված հնարավորությունների համար:

Ինչպես նկատեց դասախոս Գեղամ Նավոյանը. ակնհայտ է ուսանողների աճը, եւ սերն է ավելացել՝ մասնագիտության նկատմամբ: Փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ Անահիտ Սարոյանն էլ հավելեց, թե այս մասնագիտության ուսանողների աշխատանքը շահեկանորեն տարբերվում է եւ արդեն լավ արդյունք կա:

Ի դեպ, երիտասարդները առաջարկում էին, որ ցածր կուրսերում փորձուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար եւս գործնական քայլեր արվեն:

Նրեկայացված հաշվետվությունները վկայում են, որ ավարտաճառերի հիմնական նյութը-«հումքը» արդեն կուտակված է եւ կարող են հիմնավորապես պատրաստվել պաշտպանությանը: