Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Արտաքին գյուղատնտեսական ծառայության եւ Կանզասի նահանգային համալսարանի պատվիրակությանը` ԳԴ ԱԳԾ միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաեւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ Ալեքսան Շանոյանը՝ Կանզասի նահանգային համալսարանի պրոֆեսոր, եւ Դեմնա Ձիրկվաձեն՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունում ԱՄՆ գյուղդպարտամենտի ներկայացուցիչ։
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Հայաստանում եւ տարածաշրջանում ալյուրի եւ ցորենի արժաշղթայի ուսումնասիրության առաքելությամբ․ այցին նախորդել է համանման առաքելություն հարեւան Վրաստանում։
ՀԱԱՀ-ի մի քանի նորարարական կենտրոններում (Գարեջրի եւ թորման լաբորատորիա, Կենսատեխնոլոգիների Բի-Օն ինկուբատոր, Գինու ակադեմիայի լաբորատորիա եւ համտեսի սրահ, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա) շրջայցից հետո ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հյուրերին ներկայացրեց համալսարանը՝ վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով եւ ագրոտեխնոլոգիական ուղղվածության փոխակերպումներով։
ԱՄՆ գործընկերները հակիրճ ներկայացրին առաքելության նպատակը, դրա շրջանակում Ագրարային համալսարանի հետ գործակցության պատրաստակամությունը։ Պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը խոսեց ոլորտում պետական աջակցության ծրագրերի եւ պետական քաղաքականության մշակման գործում ՀԱԱՀ-ի անմիջական եւ ծանրակշիռ մասնակցության մասին։ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Անդրեաս Մելիքյանը խոսեց կենտրոնի, կենտրոնում գործող՝ Մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների ազգային գենբանկի գործունեության, Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը եւ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը՝ այս ոլորտում մեր երկրում առկա իրավիճակի, առկա խնդիրների եւ ՀԱԱՀ-ում կիրառվող նորարարական մոտեցումների մասին։
Ագրարայինի ներկայացուցիչները նույնպես իրենց պատրաստակամությունը հայտնեցին համալսարանի կրթագիտական ներուժը ի սպաս դնելու ԱՄՆ գյուղդեպարտամենտի եւ Կանզասի նահանգային համալսարանի հետ համագործակցության գործին՝ թե ցորենի եւ ալյուր արժեշղթայի եւ թե գյուղատնտեսական կրթության, գիտության եւ խորհրդատվության առավել լայն համատեքստում։
Հիշեցնենք, որ այս այցին նախորդել էր այս տարվա հունիսին Կանզասի նահանգապետ Լորա Քելիի եւ Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի գլխավորած պատկառելի պատվիրակության այցը Ագրարային համալսարան։