Ամառային դպրոցը Ագրոճամբարում․ օգտակար եւ անմոռանալի փորձառություն

Օգոստոսի 12-ից 16-ը ՀԱԱՀ Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տանը գործող Ագրոճամբարը հյուրընկալեց իր տեսակի մեջ առաջին ամառային դպրոցը՝ 10 բուհերի 21 ուսանողների համար, որոնք ներկայացնում էին բոլոր 10 մարզերը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի պատասխանատուներն ու Ագրաճամբարի ղեկավարությունը հաշվի էին առել ամեն մի մանրուք՝ երիտասարդների վերապատրաստումն ու հանգիստը կատարյալ դարձնելու համար։

Թիմը արագ ձեւավորվեց՝ ինտերակտիվ վարժանքների շնորհիվ։ Երիտասարդների միջազգային օրվա՝ օգոստոսի 12-ի առթիվ միմյանց ջերմորեն շնորհավորելուց հետո անցան թեմատիկ պարապմունքներին։ «Կայուն եւ նորարար գյուղատնտեսություն» թեման, օրինակ, որ վարում էր Նաթելլա Միրզոյանը, անտարբեր չթողեց ոչ միայն Ագրարայինի, այլեւ բոլոր մյուս բուհերի ներկայացուցիչներին: Նույնը վերաբերում է «Դեպի կայուն գյուղատնտեսական բիզնեսի ստեղծում» թեմային՝ կայացած մեկ այլ փորձագետի՝ Լուսինե Նալբանդյանի ներկայացմամբ։ Հայաստանի առաջատար բուհերի ուսանողներից շատերի համար գուցե առաջին անգամ մտորելու տեղիք տվեց Լուսինեի ներկայացրած մեկ այլ թեմա՝ սննդի կորուստների եւ թափոնների կառավարման վերաբերյալ։

Ճամբարական խարույկի շուրջ ուսանողների համար շատ հետաքրքիր էր հյուրընկալել եւ ունկնդրել Դդմաշեն գյուղում MAquaponics ակվապոնիկ համակարգի հիմնադիր Քըրք Ուալասին։

Խմբային աշխատանքներին, թեմատիկ քննարկումներին ու գործնական փորձերին հաջորդեց կոմպոստացման արկղի պատրաստումը, որ ճամբարականները գլուխ բերեցին տիկին Նալբանդյանի ղեկավարությամբ․ այն այսուհետ տեղադրված կմնա Ագրոճամբարի տարածքում:

«Ամառային դպրոցում մենք հասկացանք, որ գյուղատնտեսությունը միայն բերք հավաքելն ու կենդանիներ պահելը չէ․ մենք այստեղ շատ բան սովորեցինք, այդ թվում իմացանք գյուղատնտեսության ոլորտում արդե´ն տեղի ունեցած տեխնոլոգիական հեղափոխության մասին՝ ոչ միայն փորձագետներից, այլեւ՝ Ագրարայինի ուսանողներից»,- ասում են այլ բուհերի ուսանողները։ Նրանք մասնավորապես տեղեկացան ճշգրիտ գյուղատնտեսության մասին, Սարգիս Մկրտչյանի օգնությամբ հետաքրքրությամբ ծանոթացան այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես գյուղատնտեսական ԱԹՍ-ների կիրառությանը։

Ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ բնության համար անվնաս խելացի շրջանաձև գյուղատնտնեսության բիզնես մոդելների ստեղծումն էր, որ մասնակիցներն արեցին ոգեւորությամբ․ ելակի աճեցում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, «խնայենք միասին» կարգախոսով առաջնորդվող ջերմատուն եւ անասնաշենք մեկ վայրում՝ հիդրոպոնիկ համակարգով, նոր տեխնոլոգիաներով գարու մշակման եւ գարեջերի արտադրության մոդել, թափոններից անասնակերի պատրաստում՝ գետնափոր տեխնոլոգիայով․․․ Ուսանողները շնորհակալություն են հայտնում Նաթելլա Միրզոյանին՝ խմբային աշխատանքները հմտորեն համակարգելու համար։

Առհասարակ երիտասարդները երախտիքի խոսք են ուղղում համալսարանին եւ Ագրոճամբարի պատասխանատուներին՝ ամառային դպրոցի հագեցած ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարներին։ Սակայն առավել շնորհակալ են այն զգացողության համար, որ դպրոցն ու ճամբարն ամրապնդեցին իրենց մեջ, այն է՝ Հայաստանն ապրելու եւ արարելու երկիր է, Հայաստանը հզոր ներուժ ունեցող երկիր է։

Սա ագրոճամբարի՝ իրականություն դարձած գաղափարի թերեւս լավագույն գանահատականն է, գաղափար, որի հեղինակը ռեկտոր Վարդան Ուռուտյանն է։