Գիտխորհրդի այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նախ հաստատվեցին 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակառու ուսանողները, որոնց թեկնածությունները նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը։
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Ընդհանուր առմամբ, ֆակուլտետն ապրում է համալսարանում շարունակվող բարեփոխումների ռիթմով ու տրամաբանությամբ, փորձելով ընդլայնել ավանդական գիտական կապերը եւ ստեղծել նորերը, ներդնել աշխատանքային կիսամյակի գործելակերպը՝ հաղթահարելով որոշակի դժվարություններ, ներգրավել հնարավորինս մեծ թվով պոտենցիալ դիմորդների եւ այլն։
Ֆակուլտետում անցկացված SWOT վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ բոլոր դասախոսներն են հարմարվել նոր պայմաններին, առարկայական ծրագրերը հաճախ չարդարացված մեծ ծավալ ունեն, խնդրահարույց են նաեւ հրատարակած գիտական հոդվածների ոչ մեծ թիվը, գիտական արդյունքների առեւտրայնացումը, խորհրդատվական ծառայությունների մատուցման ներուժի թերօգտագործումը։
Ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ ֆակուլտետում անհրաժեշտ է արագացնել դիպլոմային աշխատանքների եւ թեզերի թեմաների արդիականացման գործընթացը, անցկացնել կարճաժամկետ վերապատրաստումներ, ֆակուլտետի տարբեր մասնագետների ուժերով կատարել երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրների արագ արձագանքման վերլուծություններ, ավելացնել օտար լեզուներով դասավանդող դասախոսների թիվը։
Գիտխորհրդի այս օրակարգով նախատեսված էր նաեւ անցկացնել դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթ։ Մրցույթը կայացավ համաձայն համապատասխան ընթացակարգի, եւ, Գիտխորհրդի անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ, պատվաբեր կոչումը ստացան երիտասարդ դասախոսներ Ժիրայր Չիթչյանը, Արփինե Աղաբաբյանը, Արմինե Մկրտումյանը, Արուսյակ Ղարիբյանը եւ Լիանա Վարդանյանը։ Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց նորընտիր դոցենտներին եւ մաղթեց արգասաբեր աշխատանք ու մասնագիտական հաջողություններ։
Նիստն ավարտվեց եւս մեկ հաճելի դրվագով՝ պարոն Ուռուտյանը Գիտխորհրդի շնորհակալագրով պարգեւատրեց Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանին՝ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, ինչպես նաեւ Գարեջրի եւ թորման տեխնոլոգիաների նորարարական լաբորատորիաների ստեղծման ու կայացման գործում ունեցած վաստակի համար։