Երախտիքի երեկոյի շրջանակում․ Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը ՀԱԱՀ-ում

Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) հասարակական կազմակերպության վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը հրավիրում են Կոմիտասի անվան ազգային քառյակի կատարմամբ բարեգործական համերգի, որը կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի մեծ դահլիճում, օգոստոսի 30-ին, ժ 17-ից սկսյալ։

Կատարողական արվեստի ճանաչված հայ վարպետների բարեգործական համերգը տեղի կունենա ի նշան խորին երախտագիտության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների եւ Արցախից բռնի տեղահանվածների համար» ծրագրի վերագործարկման հովանավորի եւ բոլոր աջակիցների նկատմամբ։

2021-22 ուսումնական տարում անցկացված ծրագրի շնորհիվ բազմաթիվ մասնակիցներ մշտական աշխատանք են գտել։

Մեկ տարի ընդմիջումից հետո, 2024 թ․ հուլիսի 1-ին ծրագիրը վերամեկնարկել է՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական հովանավորությամբ եւ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զինապահ» հիմնադրամի, «Զինվորի տան» եւ «Մունք» ՏՏ համայնքի աջակցությամբ։

Համերգից առաջ ողջույնի եւ բացման խոսքով հանդես կգան ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, երախտիքի խոսք կասի ՀՀ Սփյուռքի գործերի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ագրարային համալսարանի անունից հյուրերի կողջունի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Համերգից առաջ նախագծի ներկայացմամբ հանդես կգա ՏՏ ծրագրի ղեկավար դոկտ. Արման Խալաթյանը։

Կոմիտասի անվան քառյակը հանդես կգա հետեւյալ կազմով՝

Էդուարդ Թադեւոսյան – գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի,

Ալեքսանդր Կոսեմյան – ալտ,

Սյուզի Երիցյան – ջութակ,

Տիկին Անժելա Սարգսյան – թավջութակ։

Ակնակալում ենք դասախոսների եւ ուսանողների հաճելի մասնակցությունը կարեւոր ու գեղեցիկ միջոցառմանը։