Արտակարգ իրավիճակն իր «ուղղումներն» է մտցրել նաեւ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի դասախոսների ուժերով անցկացվող դասընթացի կազմակերպման գործում։ Ծրագրով հետաքրքրված ֆերմերների հերթական խմբի համար հերթական հնգօրյա դասընթացը մեկնարկել է ապրիլի 20-ին, մասնակից ֆերմերների համար անսովոր՝ առցանց եղանակով։
Ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության եւ վերջինիս մարզային կառույցների, դասընթացը բարձր մակարդակով է կազմակերպվել։ Դասընթացի մասնակիցները 21-ն են 7 մարզերից՝ Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Վայոց ձոր եւ Գեղարքունիք։ Նրանք հավաքվում են մարզկենտրոններում։ Դասընթացը վարում են ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի բազմափորձ դասախոսներ Տիգրան Չիթչյանը, Արեւիկ Աբովյանը, Արթուր Մկրտչյանը, Վրեժ Խոցանյանը, Սոնա Ծառուկյանը, ինչպես մաեւ մեր գործընկեր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Եղվարդի մասնաճյուղի տնօրեն Արթուր Առաքելյանը։
«Ընդհանուր առմամբ, մասնակից ֆերմերները եւ ծրագրի մյուս շահակիցները գոհ են դասընթացի արդյունքներից, թեպետ առցանց հողորդակցությունը նախնական փուլում անսովոր էր հատկապես ֆերմերների համար։ Պարզ է, որ մասնագետի եւ ծրագրի մասնակիցների՝ պոտենցիալ շահառուների ավանդական դեմառդեռ շփումն անհամեմատ ավելի արդյունավետ կլիներ, սակայն արտակարգ դրությունը հարկադրում է վարժվել նոր իրավիճակին եւ ձգտել հասնել առավելագույնին։ Գոհացուցիչ է տեսնել, թե ինչպես են որոշ ֆերմերներ պասիվ ունկնդրից վերածվում ինտերակտիվ գործընթացի շահագրգիռ մասնակցի», – ասում է ՀԱԱՀ-ի կողմից ծրագրի պատասխանատու Ժիրայր Չիթչյանը։
Ծրագրի շահառուների համար նախկինում ՀԱԱՀ-ի լսարաններում անցկացված դասընթացներն ավարտվում էին ֆերմերային տնտեսություններում եւ ագրոբիզնեսի ձեռնարկություններում փորձուսուցմամբ։ Հասկանալի պատճառներով այս անգամ այն փոխարինվեց գործնական գիտելիքներ հաղորդող մասնագիտական ֆիլմերի ցուցադրմամբ։
Ծրագրի բոլոր շահակիցները՝ մասնակից ֆերմերներից մինչեւ նախարարության պատասխանատուներ, գոհ են դասընթացի արդյունքներից։ Ժիրայր Չիթչյանի գնահատմամբ, մեր դասախոսները լիարժեք կերպով կատարել են կառավարության կողմից իրենց առջեւ դրված խնդիրը։ Մասնակիցները զանգում եւ շնորհակալություն են հայտնում մեր դասախոսներին։ Որպես պրոֆեսիոնալ, սակայն, պարոն Չիթչյանը համարում է, որ մանավանդ առցանց ձեւաչափի պարագայում կատարելագործելու տեղ կա եւ հաջորդ դասընթացն էլ ավելի նպատակային ու արդյունավետ դարձնելու առումով իր նկատառումներն ունի։ Իսկ հաջորդ դասընթացը կլինի՝ երբ հավաքվի հետաքրքրված ֆերմերների հերթական խումբը։
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր առ այսօր ծրագրին մասնակցելու համար դիմել է 242 ֆերմեր, դասընթացներին մասնակցել է 131 շահառու, որոնցից 28-ի հետ կնքվել է պայմանագիր։