ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը իրազեկել է «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է. «բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` բարձրացնելով մթերատվության ցուցանիշները»։
Ինչպես նախորդ բոլոր փուլերում, ֆերմերների մասնագիտական վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներն իրականացվեցին, բնականաբար, Ագրարային համալսարանում, մեր մասնագետների մասնակցությամբ: Լսարանային եռօրյա ուսումնառությունից հետո, մասնակիցները երկու օր գործնական դասեր անցկացրին խոշոր-օրինակելի տնտեսություններում:
Անասնաբուծության դասընթացը վարում էր դոցենտ Տիգրան Չիթչյանը, որի հախուռն-անսպառ էներգիան ու առատ փաստերով, ցուցադրական նյութերով ուղեկցվող խոսքը մասնակիցները լսում էին մեծ հետաքրքրությամբ, հարցեր էին տալիս, քննարկում. «Ապրեք, լավ հարց տվեցիք»,- ոգեւորվում-քաջալերում էր բանախոսն ու հանգամանորեն պատասխանում էր հարցերին, անդրադառնում լուսաբանման կարոտ խնդիրներին:
Վերապատրաստվողների 20-հոգանոց խմբում հետաքրքրվածությամբ աչքի էր ընկնում հատկապես Հովսեփ Սեֆերյանը: Ծնունդով Հալեպից է, մասնագիտությամբ՝ դիվանագետ: Շոշափելի դեր է ունեցել Բրազիլիայում ՀՀ դեսպանատան հիմնման գործում: Արդեն մեկ տարի է եկել ու հաստատվել է հայրենիքում: Ընկերոջ հետ տնտեսություն ստեղծելու մեծ ցանկություն ունեն, եւ հիմա սովորում-յուրացնում է իր համար միանգամայն այլ ոլորտի նրբությունները:
«Հետաքրքի՞ր, արդյունավե՞տ էր դասընթացը» հարցին պատասխանում է․ «Անչափ: Միայն ափսոս, որ կարճաժամկետ է: Բայց ոչինչ դասախոսները շատ բարյացակամ են, օրվա բոլոր ժամերին պատասխանում են մեր հարցերին: Կարծում եմ հետագայում եւս կարող ենք ակնկալել նրանց աջակցությունը»: