VETFarm նախագծի հերթական հանդիպումը նշանավորեց ՄԿՈՒ ոլորտում ԱՏՀ տեխնոլոգիաների ներդրման նոր փուլը

Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում հերթական հանդիպումը եւ վերապատրաստման փուլը, որ մեկնարկել էին օգոստոսի 25-ին,  ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 2 -ին։ Նախագիծն իրականացնող կոնսորցիումը՝ Հոլանդական AgriWatch B.V., չեխական Wirelessinfo, հայաստանյան «Անդեր սան» ընկերությունները եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար եզակի եւ արտակարգ հնարավորություն են ստեղծել ոչ միայն գաղափար կազմելու գյուղատնտեսության մեջ աշխարհատեղեկատվական եւ հեռազննման նորագույն տեխնոլոգիաների մասին, այլեւ հաղորդակից լինելու արտերկրի եւ հայաստանյան մեր գործընկերների լավագույն փորձին։

Պլզենի կիրառական գիտությունների համալսարանի մեր գործընկերների անցկացրած վերապատրաստմանը (տես այս հղմամբ), հետեւեցին Նիդերլանդների Տվենտեի համալսարանից դոկտ․ Ալի Աբկարի եւ դոկտ․ Նանո Մուլդերի  անցկացրած դասընթացները՝ «Հեռազննման պատկերների վերլուծություն, աշխարհատեղեկատվական համակարգեր (ԱՏՀ) եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) ճշգրիտ գյուղատնտեսության համար» թեմայով։ Դասընթացին մասնակցող դասախոսների եւ ուսանողների (առավելապես քոլեջի) համար դոկտ․ Աբկարը նաեւ ներկայացրեց իր ղեկավարած AgriWatch ընկերության գործունեությունը, որը մատուցում է խորհրդատվական ծառայություններ, իրականացնում գործնական վերապատրաստումներ եւ կարողությունների զարգացման ծրագրեր՝ օգտագործելով աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաներ գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում։

2023 թ․ դեկտեմբերին մեկնարկած նախագծի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ, աշխատաժողովներ, գործնական նմանակերպումներ, բաց դասեր, ամառային դպրոցներ, ԱՏՀ օր, միջազգային խորհրդաժողով՝ շահառուների բավականին լայն հանրության ներկայացուցիչների, ներառյալ ավագ դպրոցների աշակերտների համար։ Ընդ որում, նախագծի պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում տեղեկույթի տարածմանը շահակիրների հնարավորինս լայն շրջանում։

Օգոստոսի 27-ին կայացավ նախագծի ղեկավարների ժողովը, որին մասնակցում էին նաեւ գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի 10 գործատուներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին հուշագրեր ստորագրել VETFarm նախագծի շրջանակում համագործակցելու նպատակով (այդպիսի հուշագրեր ստորագրել են եւս մի քանի ընկերություններ, որոնք չէին մասնակցում հանդիպմանը)։ Քննարկվեցին առաքելության պլանավորմանը, պիստակի այգում վնասատուների եւ մոլախոտվածության խնդրին, այգու մշտադիտարկման, տվյալների հավաքմանը (ներառյալ՝ հեռազննման տվյալների եւ թվային գործիքների օգտագործմամբ) առնչվող հարցեր։ Ողջունելով մասնակիցներին եւ արժեւորելով ծրագրի դերը քոլեջի եւ համալսարանի համար, պարոն Զաքոյանը նշեց, որ VETFarm-ի ձեւաչափով համագործակցությունը հնարավորություն է տալիս բոլոր դրական ձեռքբերումները դարձնել մեր սեփականությունը եւ օգտագործել գյուղատնտեսության համար բարձրակարգ մասնագետների պատրաստման մեր առաքելության մեջ։ Ռեկտորը գոհունակությամբ տեղեկացրեց, որ երիտասարդների շրջանում տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը ճշգրիտ գյուղատնտեսության, ոլորտում թվային տեխնոլոգիաներ ուսուցանող նորօրյա մասնագիտությունների հանդեպ։ Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին՝ անընդհատ ընդլայնվող աշխատաշուկայի համար մասնագետների պատրաստման գործում իրենց գործնական ներդրման համար։

Հինգշաբթի՝ օգոստոսի 29-ին ծրագրի մասնակիցներն այցելեցին «Անդեր սան» ընկերության՝ Արմավիրի մարզում գտնվող պիստակի այգիներ, որոնց կառավարման համակարգը, օգտագործվող ագրոտեխնիկական եւ տեխնոլոգիական միջոցները, ընկերության ղեկավարների ու մասնագետների մոտեցումները մեծապես տպավորեցին բոլորին, մասնավորապես քոլեջականներին։ Այս ընկերությունը բարձրարժեք մշակաբույսի աճեցման եւ ագրոբիզնեսի վարման արդիական գործելակերպի գերազանց օրինակ է ցույց տալիս՝ պիստակի երկու մշակաձեւի 70 հազար ծառերով 140 հեկտար այգիներով, որը հագեցած է ոռոգման կաթիլային համակարգով, երկու ջրամբարներով, մաքրման կայաններով եւ այլն։ Երեք տարեկան այգում արդեն տեղ-տեղ երեւում է Հայաստանի համար առայժմ ոչ ավանդական մշակաբույպիստակի առաջին բերքը՝ երախայրիքը։ Անդեր սան ընկերությունը պիստակի մշակության ավանդույթ է ձեւավորում Հայաստանում։

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շեշտեց աշխատաշուկայի հեռանկարային պահանջների առանձնահատկություններից ելնելով գյուղոլորտում տեխնոլոգիական նորամուծությունների հանդեպ երիտասարդների մեջ ձգտում առաջացնելու անհրաժեշտությունը։ Սա պետք է արվի համատեղ ջանքերով, եւ Անդեր սան ՍՊԸ-ն լավ հեռանկար է բացում երիտասարդ մասնագետների ներգրավման առումով՝ այգուց մինչեւ վերամշակում շղթայի համար։ Ընկերության ղեկավարները՝ Արամայիս Բադալյանը եւ Կարեն Մինասյանը հավաստիացրին, որ ընկերությունը հաստատակամ է սերտորեն աշխատելու Ագրարային համալսարանի հետ։

2023 թ․ դեկտեմբերին մեկնարկած VETFarm նախագիծը կավարտվի այս տարվա նոյեմբերին։ Մինչ այդ՝ հոկտեմբերին, VETFarm-ը կմասնակցի ՀԱԱՀ 95-ամյա հոբելյանին նվիրված ամփոփիչ միջոցառմանը եւ կներկայացնի երկու տարվա հետաքրքիր, կարեւոր աշխատանքի արդյունքները։