Գիտխորհրդի երեկվա՝ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են Աշխատակազմի վերապատրաստումների եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման հարցերը եւ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ընթացիկ հաշվետվությունը։
Վերապատրաստումների եւ կարճաժամկետ մասնագիտական որակավորման ծրագրերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ Ընդհանուր առմամբ, տիկին Վարդանյանը բարվոք պատկեր ներկայացրեց պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման ծավալների եւ որակի վերաբերյալ։ Նոյեմբեր ամսվա դրությամբ վերապատրաստում է անցել համալսարանի 437 ներկայացուցիչ, բայց մինչեւ տարեվերջ այդ թիվը զգալիորեն կավելանա։ Բացի այդ, ինչպես նշեց նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, հավետվության մեջ ներառված չԷ Ֆրուտենիա նախագծի շրջանակում վերապատրաստվածների բավականին մեծ թիվը։ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնն ակտիվորեն ներգրավված է եղել «EU for Sevan» ծրագրի շրջանակում լճի ավազանի 11 համայանքների 200 շահառուների վերապատրաստման գործում եւ այլն։
Ագրարայինը միակ բուհն է, որ գործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի հետ, որի շրջանակում, հոկտեմբերի դրությամբ, 269 ուսանող եւ շրջանավարտ, ինչպես նաեւ 161 դասախոս վերապատրաստվել են պանրագործության, շոկոլադագործության, մեղվաբուծության եւ փափուկ հմտությունների ուղղություններով։
Ռեկտոր Ուռուտյանը գիտխորհրդի ուշադրությունը հրավիրեց վերապատրաստումների այս աննախադեպ ալիքի պայմաններում հնարավոր բացթողումներին առերեսվելու եւ վերապատրաստողական ծրագրերի որակն ու նպատակայնությունը շարունակաբար բարելավելու անհրաժեշտության վրա։ Նա նշեց նաեւ համալսարանի մասնագետների գիտելիքներն ու փորձը ֆերմերային հանրությանը փոխանցելու կարեւորությունը։ Այս առումով եւս հաջողություններ ենք գրանցել։ Բազմաթիվ օրինակներից մեկը Սիսիանի մասնաճյուղում գյուղատնտեսության տարբեր ոլորտների գծով անցկացված վերապատրաստումներն են Արցախից տեղահանված բնակիչների համար։
«Մեր համալսարանը, ագրարային կրթության եւ գիտության կենտրոն լինելուց զատ, ակնհայտորեն դառնում է նաեւ ոլորտի գիտասփյուռ-խորհրդատվական հանգույցը։ Պատահական չէ, որ գյուղացուն, ֆերմերին գիտելիքների ու տեխնոլոգիաների փոխանցողի մեր դերակատարության բարելավումը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- ասաց պարոն Ուռուտյանը։
Տիկին Վարդանյանը նշեց, որ ունենք հաջողության բազում եւ ոգեւորիչ պատմություններ։ Ռեկտոր Ուռուտյանը թեման ամփոփեց՝ հանձնարարելով վերապատրաստումների արդյունքները ամբիոնների գործունեության ուղեցույց դարձնելու անհրաժեշտությունը։
ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի եւ ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» կատարողականի հերթական հաշվետվությամբ էլ հանդես եկավ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։ Նշելով, որ առարկայական ծրագրերի որակի բարելավում է արձանագրվել եւ որ առհասարակ մասնագիտության կրթական ծրագրերը կայանալու փուլում են, տիկին Զաքարյանը գլխավորապես կանգ առավ խնդրահարույց հարցերի վրա։ Մասնավորապես հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ԳԱՑ-եր (գնահատման առանցքային ցուցանիշներ) անթերի չեն։ Որքանով են հանձնարարությունները համեմատելի սահմանված վերջնարդյունքների հետ, ինչն է թերի դասավանդման, գնահատման մեթոդների, ուսանողի կողմից դասախոսի գնահատման ամբողջ շրջափուլում․ այս ամենի համապարփակ հետազոտության համար ՈԳԱ կենտրոնի ռեսուրսները սահմանափակ են, ուստի ամբիոնների օժանդակության կարիքը կա։ Այս առումով գործակցության շատ լավ օրինակներ բերեց տիկին Զաքարյանը, խոսեց դրական փորձի տարածման անհրաժեշտության մասին, տվեց անհատների անուններ, որ խրախուսելի ու պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում, ներառյալ՝ կրթական ծրագրերի հենանիշավորման (բենչմարկինգ) բնագավառում, որն, ընդհանուր առմամբ, ընթանում է «լավ եւ ոչ այնքան լավ»։ Ի դեպ, ռեկտորի առաջարկով, գիտխորհուրդը որոշեց ՈԳԱ կենտրոնի տնօրենի նշած անհատներին՝ Աննա Դաշտոյանին եւ Արման Հարությունյանին խրախուսել գիտխորհրդի շնորհակալագրով եւ դրամական պարգեւով։
Նիստի ավարտին գիտխորհուրդը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի զեկուցման հիման վրա, հաստատեց գիտական աստիճաններ հայցող թեկնածուների թեմաները։ Ռեկտոր Ուռուտյանը կարեւոր համարեց այն փաստը, որ թեմաները պատրաստակամորեն համաֆիանանսավորում են գործընկեր կազմակերպությունները։