Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, մարտի 21-ից մինչեւ 25-ը ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը այցելեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԲՊԻ), որտեղ, 6 երկրներից ժամանած տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին միջազգային շաբաթին։
Այցի շրջանակում ԲՊԻ միջազգային բաժնի աշխատակիցը ներկայացրեց շնորհանդես իրենց կրթօջախի վերաբերյալ, որից պարզ դարձավ, որ այնտեղ, ի թիվս այլ մասնագիտությունների, հնարավոր է ձեռք բերել նաեւ ՀԱԱՀ-ին առնչվող՝ գյուղատնտեսության, անասնաբուծության, շրջակա միջավայրի, սննդի ոլորտի ճարտարագետների, անասնաբուժակի, ագրոէկոլոգի, կառավարչի, գինեգործի եւ ֆինանսիստի մասնագիտություններ։
Այնուհետեւ միջազգային շաբաթի մասնակիցները ներկայացրեցին իրենց բուհերը՝ փորձելով նախանշել հետագա համագործակցության հնարավորություներ։
ՀԱԱՀ-ն ներկայացնելիս, անդրադարձ կատարվեց կրթօջախի տեսլականին, վերջին տարիներին կատարված փոփոխություններին, նոր ծրագրերի մշակմանը, ինչպես նաեւ ներգնա ու արտագնա ուսանողների, աշխատակիցների ընտրության եւ շարժունության կազմակերպման հետ կապված հարցերին։
ՀԱԱՀ ներկայացված շնորհանդեսը բավականին ուշադրության արժանացավ, եւ միջբուհական առկա համագործակցությունը ամրապնդելու եւ շարժունությունը ակտիվացնելու հետաքրքրություն առաջացրեց։
Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի փոխնախագահ Լուիս Պաիսը ներկայացրեց կրկնակի դիպլոմներ տրամադրելու ընթացակարգերը, միջազգային կրեդիտային շարժունության արդյունքներն ու նոր մարտահրավերները։
Շաբաթվա ընթացքում ներկայացվեցին նաեւ նյութեր Բոլոնիայի գործընթացի եւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի վերաբերյալ, եղան զեկույցներ՝ բարձրագույն կրթության արդիականացման, եվրոպական բուհերում կրթության եւ ուսուցման որակի բարելավման թեմաներով։
Այցելության ընթացքում հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու նաեւ ԲՊԻ ենթակառույցներին եւ ուսումնական ու հետազոտական նպատակներով դրանց օգտագործման փորձին։
Ուշադրության էր արժանի այն փաստը, որ ԲՊԻ-ում ավելի շատ շեշտը դրված է ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու վրա, բակալավրիատում կրթության տեւողությունը 3 տարի է եւ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդվում է 6 կրեդիտ բերող 5 առարկա։
Ընդհանուր առմամբ, միջազգային շաբաթը շատ հագեցած էր եւ այլ բուհերի հետ ՀԱԱՀ-ի համագործակցելու նոր հնարավորություններ ձեռք բերելու առումով՝ խոստումնալից։