2020թ.-ի հունվարի 27-31-ը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում Պարենային ապահովության եվրասիական կենտրոնի կողմից համալսարանական դասախոսների համար կազմակերպված «իրական դեպքերի ուսումնասիրության» մեթոդով դասավանդման հմտությունների վերապատրաստման դասընթացին, որը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը, Անդրկովկասյան տարածաշրջանը ներկայացրել է Հայաստանը: Մասնակիցներ են եղել նաեւ Ռուսաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից:
Հատկանշական է, որ Հայաստանից ընտրված չորս մասնակիցներից երեքը եղել են ՀԱԱՀ-ից՝ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը, նույն ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Լուսինե Պողոսյանը:
Մեկ շաբաթ տևած դասընթացը վարել են Տեխասի A&M համալսարանի համակարգի մեջ ընդգրկված TARLETON համալսարանի պրոֆեսորներ Ջիմ Ջենթրին և Դերիլ Ուոթսոնը:
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում Սերգեյ Մելոյանը եւ Մերի Մանուչարյանը ներկայացնելով դասընթացի ծրագիրը՝ կարևորեցին մեր համալսարանում լաբորատոր-գործնական պարապմունքների ժամանակ ինտերակտիվ ուսուցման մեթոդների կիրառումը:
Ֆակուլտետի գիտական խորհրդում ներկայացված նոր մեդոթները դրական արձագանքի արժանացան ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանի եւ դասախոսների կողմից: Նրանք պատրաստակամություն հայտնեցին դրանք օգտագործել` ի թիվս համալսարանում արդեն օգտագործվող դասավանդման այլ արդիական մեթոդների:
Գիտխորհրդի նիստում պարոն Ղազարյանը տեղեկացրեց, որ Լուսինե Նուրբեկյանը դադարեցրել է Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը, եւ ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը: