Հոկտեմբերի 10-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան լեգենդար առաքելության՝ Մարկետինգի աջակցության ծրագրի (ԳԴ ՄԱԾ, գործել է 1992-ից 2005 թթ․) մի քանի ղեկավարների, որոնք Հայաստանում են ծրագրի 30-ամյա հոբելյանի շրջանակում։ Վաշինգտոնում ծրագրի համադրող Թիմ Գրոսերը, 2000-2002 թթ․ տնօրեն Քրեյգ Ինֆանգերը, ծրագրի վերջին տնօրեն Ջեֆրի Էնգելսը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (հիմնադրվել է 2000 թ․) հիմնադիր տնօրեն Դեն Դանը եւ նրանց ուղեկցող անձինք հաճույքով շրջեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հարկաբաժիններում, որտեղ ժամանակին տեղակայված էր ՄԱԾ-ի գրասենյակը։
Մարկետինգի աջակցության ծրագիրը եզակի պատմական դերակատարություն է ունեցել Հայաստանի գյուղատնտեսության, ագրոբիզնեսի, գյուղատնտեսական կրթության, գիտության եւ գիտասփյուռ-խորհրդատվական ծառայության զարգացման գործում։ Ծրագրի ստեղծած մնայուն արժեքներն են, որ հիմք են հանդիսացել նշված ոլորտներում այսօրվա առանցքային դրական զարգացումների համար։ Հայաստանյան ծրագիրը ԱՄՆ գյուղդեպարտամենտի՝ պատմականորեն մեծագույն նվաճումներից մեկն է եղել։
Անշուշտ, մեր հյուրերը, որ անձնական հսկայական ներդրում են ունեցել հաջողության այդ մեծ պատմության մեջ, մեծ բավականությամբ շրջեցին իրենց նախկին աշխատավայրում, կարոտով հիշեցին դրվագներ աշխատանքային երբեմնի աշխույժ, ստեղծագործական մթնոլորտից, Հայաստանի համար արված վիթխարի գործից ու աշխատանքի մշակույթից, նստեցին իրենց աշխատասենյակներում, դոկտ․ Ինֆանգերը նույնիսկ հասցրեց ինչ-որ «կարեւոր» թղթեր ստորագրել․․․
ԱՈՒԿ-ի Երազանքների սրահում շնորհանդեսներ արեցին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Պարոն Գրիգորյանը խոսեց հիմնադրամի վերջին տարիների նվաճումների մասին՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Ի Վի Էն գինու ակադեմիայի եւ հետազոտական աշխատանքների ուղղություններով։
Ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց վերջին տարիներին ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի փոխակերպման՝ ՀԱԱՀ-ի անցած ազդեցիկ ուղին։ Գործընկերները մեծապես տպավորված էին կրթական ծրագրերի բարեփոխման, կրթություն-գիտություն-արտադրություն կապի նորովի իմաստավորման, ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման, լաբորատոր ենթակառույցների ստեղծման, ագրոտեխոլոգիական եւ կենսատեխնոլոգիական ստարտափ ինկուբատորների գործարկման, դասախոսական կազմի մշտական վերապատրաստման ու դասավանդման արդիական մեթոդների կիրառման գործում համալսարանի հասած էական առաջընթացից։
Արտահայտելով նաեւ մյուս գործընկերների կարծիքը, Թիմ Գրոսերը խոստովանեց․ «Անհավանական առաջընթաց է ապրել համալսարանը միայն մի քանի տարում, եւ շատ ուրախալի է, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի երբեմնի եզակի օրինակը, դրա մոդելը այսօր տեսնում ենք իրականացված ամբողջ համալսարանում»։
Հյուրերը շրջեցին նաեւ Կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային լաբորատորիայում, որի պաշտոնական բացումը կլինի տարվա ավարտին, եղան Գարեջրագործության եւ թորման եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիաներում։
Այցի ավարտին հին գործընկերները Գինու ակադեմիայի համտեսի սրահում համտեսեցին ակադեմիայի «EVN» եւ ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինիները։
Գործունեության 13 տարիների ընթացքում ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագիրը դարակազմիկ նվաճումներ է ունեցել՝ հիմնելով ու զարգացնելով տասնյակ վերամշակող ձեռնարկություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ եւ օժանդակելով ավելի քան 20 հազար ֆերմերների։ Ըստ էության, ԱՄՆ ԳԴ-ն, անկախացմանը հետեւած տնտեսական խոր ճգնաժամի պայմաններում, վերակենդանացրեց Հայաստանի սննդի վերամշակման արդյունաբերությունը։ ԱՄՆ ԳԴ ֆինանսատեխնիկական աջակցությամբ կաթնամթերքի արտադրության, պտուղ-բանջարեղենի վերամշակման եւ գինեգործության ոլորտներն աճեցին եւ դարձան այսօր մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մի քանիսը։
Մնում է շնորհակալություն հայտնել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամին՝ երկար սպասված այս վերամիավորումը կազմակերպելու համար։ CARD-ը ԳԴ ՄԱԾ-ի իրավահաջորդն է, որ երկար տարիներ իրականացնում է գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների, գյուղմթերքի իրացման եւ արտահանման, սննդի անվտանգության, կենդանինիների առողջության եւ գյուղատնտեսական քաղաքականության մշակման ծրագրեր՝ սկսած 2005 թ․-ից։