Հայտնի է, որ տարիների պատմություն ունի մեր երկու համալսարանի արդյունավետ համագործակցությունը, որը որակական նոր մակարդակի է հասել. Ագրոբիզնես մասնագիտության ուսանողներին տրվում են փոխճանաչելի կրկնակի դիպլոմներ:
Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի վարիչ Արեւիկ Ազիզյանը աշխատանքային հագեցած ծրագրով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում են լինելու:
Այս կարճ ժամանակահատվածում նրանք արդեն այցելել են անասնապահական ֆերմա, կաթի, մսի եւ խնձորի վերամշակման ուսումնական արտադրամասեր:
Քանի որ մեր համալսարանում լայնորեն զարգանում է ուսումնական արտադրական լաբորատորիաների հիմնման կարեւոր գործընթացը, մեր աշխատակցուհիները բնականաբար վերապատրաստվում են նախագծվող ուսումնական տեխնոլոգիական լաբորատորիաների ուղղությամբ: Համապատասխանաբար՝ Արեւիկ Ազիզյանն էլ՝ ֆերմայի աշխատանքների կազմակերպման-կառավարման հարցերն ու նրբություններն է ուսումնասիրում:
Առաջնահերթությունների շարքում նաեւ ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի, ինչպես նաեւ գիտական թեզերի եւ դիպլոմային աշխատանքների թեմաների բովանդակային քննարկումն է լինելու: