Այսօր՝ փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգային օրը, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել սովորողների համար:
Քանի որ մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին նշվելու է մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, միջոցառումը վերածվեց հայապահպանության, հայոց լեզվի, մեր հերոսների, մասնավորապես Անդրանիկ Զորավարի մասին հետաքրքիր եւ նպատակային զրույցի:
Վարժարանի հյուրերն էին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ Կարո Վարդանյանը, գրող-հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հայաստանի ժողովրդային շարժման» ղեկավար Վազգեն Պետրոսյանը:
Բանախոսները շատ գունագեղ հատվածներ ներկայացրին հանճարեղ զորավարի հերոսական ուղուց՝ երեխաներին ներկայացնելով Զորավարի ամբողջական կերպարը՝ որպես ռազմական, ազգային, քաղաքական եւ պետական գործչի:
Վարժարանի սաները լավ էին պատրաստվել հանդիպմանը: Նրանք Կարո Վարդանյանին հարցեր ուղղեցին նրա «Պայթյուններ Թուրքիայում… եւ ոչ միայն» գրքի հետ կապված, իսկ Վազգեն Պետրոսյանը պատասխանեց ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ սովորողներին հետաքրքրող հարցերին:
Բանախոսները շնորհակալություն հայտնեցին վարժարանի տնօրինությանը՝ նման հայանսպաստ հանդիպում կազմակերպելու համար եւ իրենց հեղինակած գրքեր նվիրեցին վարժարանին: Նրանք եւս մեկ անգամ արժեվորեցին հայոց լեզվի եւ պատմության դերը՝ նոր սերնդի հայեցի դաստիարակության եւ ազգային արժեհամակարգի ձեւավորման գործում:
Վարժարանի տնօրեն Արաքսյա Հակոբյանը սովորողներին հորդորեց սովորել, կրթվել եւ փորձել նմանվել հյուրերին: Նա նշեց, որ մենք դատապարտված ենք զինվորագրվել ազգային ուխտին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2000 թ.-ից ի վեր փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր։ Տոնը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից: