Ուսումնական գործընթաց. թիմային, ինքնուրույն աշխատանք

Արդեն երկրորդ տարին է ինչ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարո Դեթլոֆֆը գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը վերածում է սպասված ու ինքնատիպ տոնի:

Ուսանողները եռյակներով պայմանականորեն ստեղծում են իրենց սեփական արտադրությունը: Նախ հարցախույզով ուսումնասիրում են գինու շուկան, մրցակցության աստիճանը, վերլուծում են իրենց հնարավորությունները՝ թույլ եւ ուժեղ կողմերը, ու անչափ բարձր մրցակցության պայմաններում արեւի տակ տեղ զբաղեցնելու հավանականությունը:

Իրենք էլ կերտում են բրենդը, տարբերանշանով, մտապահվող անվանումներով, ինքնատիպ դիզայներական լուծումներով: Մի խոսքով գիտելիքն ու երեւակայությունը մեկտեղելու անսահման տիրույթ կա:

Իրենք էլ վայելուչ ներկայացնում են արվածի արդյունքները: Երբեմն «խեղճացնող» հարցեր են տալիս մեզ՝ ներկաներիս: «Տեսնո՞ւմ ես այս նորելուկներին»,-արտաքինից նեղսրտում, իսկ իրականում հիանում ենք, որովհետեւ ինչպես միշտ, գինու տեխնոլոգները ամրանում, ոտքի են կանգնում իրենց ասպարեզում՝ մասնագիտությունը խելահեղորեն սիրելով, իսկ դա ամենակարեւորն է:

-Մեկ բառով, ինչ է գինին ձեզ համար,-ինքնուրույնների պաշտպանությունն ավարտելիս ուսանողները հարց են ուղղում բոլորիս եւ պատասխանները հնչում են ակնթարթորեն՝ գինին բանաստեղծություն է, արարում, մեղեդի եւ հատկապես՝ սեր հայրենի հողի նկատմամբ…