Ապրիլի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց ռեկտորատի երկու նոր անդամներին՝ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Աննա Դաշտոյանին եւ ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվ․ գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գաբրիելյանին ներկայացնելով։
Օրակարգային հարցերին անցնելուց առաջ պարոն Զաքոյանը հանձնարարեց դիմորդների հայտագրման՝ սկսված գործընթացի հնարավորինս հանրային հնչեղությունն ապահովելուն ուղղված ջանքեր գործադրել։
Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ռեկտորատի նախորդ (հունվար-ապրիլ ամիսների) նիստերի որոշումների կատարողականին, որի մասին զեկուցմամբ հանդես եկավ գիտական քարտուղար Գայանե Ավագյանը։ Նա նշեց, որ որոշումները կամ կատարված են, կամ՝ կատարման ընթացքի մեջ։
ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ բարելավման ուղիների վերաբերյալ հարցի քննարկումը ցույց տվեց, որ քոլեջում վերջին տարիներին գրանցվող որակական դանդաղ, բայց հաստատուն առաջընթացը շարունակվում է։ Այսուհանդերձ, ինչպես նշեց պարոն Զաքոյանը՝ «մենք կարող ենք ավելի լավ դասավանդել, ուսանողն էլ կարող է ավելի լավ սովորել»։ Այս առումով նա հետաքրքիր առաջարկ արեց․ քոլեջի դասախոսների փորձի փոխադարձ ուսումնասիրությունը կարող է ուսումնական գործընթացի բարելավման լուծումներից մեկը լինել։
Ֆակուլտետներում 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ դեկաններն ուրվագծեցին բավականին բարվոք պատկեր, ընդ սմին շեշտադրվեց մասնագիտական գիտելիքներով զինվելու՝ ուսանողների շահադրդվածության մեծացման համգամանքը, մանավանդ՝ աշխատանքային կիսամյակից վերադառնալուց հետո մասնագիտությանը շատ ավելի հասուն մոտեցում ցուցաբերելու առումով։
Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն ուսանողների շրջանում պատասխանատվության բարձրացումն արձանագրեց որպես ուրախալի փաստ։