Ուսանողական 23-րդ գիտաժողովը հագեցած էր նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում: Մայիսի 16-ի նիստը մեկնարկեց դեկան Արման Սիմոնյանի ողջույնի խոսքով: Հենց նա էլ նախագահում էր ժյուրիի աշխատանքները, որի կազմում էին նաեւ ամբիոնների վարիչներ Արամայիս Եսոյանը, Մարինա Բարսեղյանը, Գուրգեն Եղիազարյանը, փոխդեկաններ Հասմիկ Եղիազարյանն ու Վոլոդյա Ասատրյանը, ՈՒԳԸ նախագահ Տիգրան Ալիխանյանը:
Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման, Կենսագործունեության անվտանգության, Ավտոտրակտորների եւ գյուղմեքենաների, Գյուղատնտեսության մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնները պատվիրակել էին ութ ուսանողի գիտահետազոտական աշխատանք։
Բոլոր թեմաներն էլ արդիական էին, լուծումներ պահանջող եւ լավագույններին առանձնացնելը հեշտ չէր: Ի վերջո, ժյուրին լիագումար նիստի «ուղեգիր» շնորհեց մագիստրանտ Ռազմիկ Դանիելյանին, (թեմա՝ «Մշակաբույսերի բերքատվության կանխատեսման եւ պլանավորման մոդելի մասին», ղեկավար՝ գ․գ․դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյան), Աստվածատուր Հակոբյանին ԳՄՄՍ-3 (թեմա՝ «Հողամշակ ֆրեզ-մեքենայի դանակների դիմադրության ուժային գործոնների որոշման ստենդի մշակում», ղեկավար՝ տ․գ.դ., պրոֆեսոր Արշալույս Թարվերդյան) եւ Ռաֆայել Եփրեմյանին ԳՄՄՍ-5 (թեմա՝ «Ավտոմատ կառավարման համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում», ղեկավար՝ տ․գ․թ., դոցենտ Մարինա Բարսեղյան):
Շնորհավորում ենք եւ մասնակից, եւ հաղթող ուսանողներին, մաղթում, որ գիտության ասպարեզում վերելքի դժվարին ճանապարհը միշտ կարողանան հաղթահարել արժանապատվորեն: