TOPAS ծրագրի շրջանակում անցյալ տարի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնների շուրջ 30 դասախոսներ վերապատրաստվել են դասավանդման արդի մեթոդների, ուսանողակենտրոն մեթոդաբանության և ինտերակտիվ դասավանդման մեթոդների և արդյունավետ մեթոդի ընտրության թեմաներով: Վերապատրաստում անցած դասախոսների շրջանում հարցում է անցկացվել վերապատրաստման ընթացքում ձեռք բերված արդյունքների՝ հեռավար ուսուցման ընթացքում կիրառելիության վերաբերյալ:
Որպես արդյունավետությունը պայմանավորող հիմնական գործոն առանձնացվել է դասավանդման ճիշտ մեթոդի ընտրությունը՝ կախված առարկայի և թեմայի առանձնահատկություններից: Հարցմանը մասնակցած բոլոր դասախոսները դրական գործոն են համարել TOPAS ծրագրի իրականացրած «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» կրթական ծրագրի ուսումնական պլանում կատարված առարկայական փոփոխությունները, ինչպես նաև մեկ կիսամյակ տևողությամբ աշխատանքային փորձուսուցման կազմակերպումը:
Ըստ հարցման արդյունքների՝ դասավանդման ակտիվ մեթոդներից ամենամեծ կիրառելիությունն ունի հարց ու պատասխանի միջոցով նոր նյութի մատուցումը: Հեռավար ուսուցման ընթացքում մեծ կիրառություն ունի նաև խմբային քննարկումների մեթոդը, որը կիրառվում է դասաժամին և Moodle հարթակի forum բաժնում՝ որպես առցանց քննարկումների մեթոդ, ընդ որում forum-ը կիրառվում է ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական առաջադրանքների կատարման ժամանակ:
Ֆակուլտետում կազմակերպվող հեռավար դասաժամերի գերակշիռ մասն անցկացվում է շնորհանդեսների միջոցով: Ըստ հարցման արդյունքների՝ սա դասավանդման ակտիվ մեթոդներից երկրորդն է կիրառելիության տեսանկյունից: Ներկայացվող նյութը խոսքով և գծապատկերների միջոցով ներկայացնելիս նյութի ընկալման աստիճանը կրկնապատկվում է: Դասախոսությունների տեքստերի հետ շնորհանդեսները նույնպես տեղադրվում են Moodle հարթակում: Ի դեպ, քառօրյա վերապատրաստումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաև շնորհանդեսներ և պաստառներ կազմելու հմտություններին:
Դասավանդման նյութի մատուցման արդի ամենակիրառվող մեթոդներից են պրիզմայի և վեննի-դիագրամի մեթոդները: Գործնական առաջադրանքների կատարման ժամանակ լայն կիրառելիություն ունեն տարբերակային և համեմատման մեթոդները:
TOPAS ծրագրի վերապատրաստման ընթացքում, որպես ուսանողների նյութի յուրացման ամենարդյունավետ միջոց, առանձնացվել է «ուրիշին սովորեցնելու» մեթոդը: Ուսանողների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս մեթոդն ապահովում է նոր նյութի՝ մինչև 90 % յուրացվելիություն: Ըստ հարցման արդյունքների, այս մեթոդը կիրառվում է սեմինարների կամ ինքնուրույն աշխատանքների ներկայացման ժամանակ:
Դասախոսների շրջանում կատարված հարցումն ամփոփվել է «վերապատրաստումն օգնել է, որ իմ դասերը դառնան ավելի ուսանողակենտրոն» և «կմասնակցեմ TOPAS ծրագրի կողմից կազմակերպվող նոր վերապատրաստումներին» հարցերով, որոնց բոլոր մասնակիցները դրական են պատասխանել:
Լիանա Խաչատրյան
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի
Ագրոբիզնեսի և կառավարման ամբիոնի դոցենտ